Search
Close this search box.

Նոր տեղեկություններ. ի՞նչ է կատարվում Բերձորում

ԼՈՒՐԵՐ․com-ը շարունակում է պարբերաբար կապ հաստատել Արցախ՝ տեղեկանալու և հանրությանը տեղեկացնելու վերջին շրջանում տեղի ունեցող խնդրահարույց գործընթացների մասին։

Մեզ հետ օրերս ունեցած զրույցում Բերձորի (Լաչինի) քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը նշել էր, որ Արցախի իշխանությունների հետ քննարկվում են մասնավորապես Բերձորի բնակիչների հետագա կեցության հարցերը՝ հասկանալու, թե քանի ընտանիք է մտադիր մնալ Արցախում, և քանիսը՝ Հայաստան տեղախոխվելու ցանկություն ունի։

«Այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ 3 ընտանիք մտադիր է հաստատվել և բնակվել Հայաստանում։ Եվս երկու ընտանիք ցանկություն է հայտնել շարունակել ապրել Արցախի հանրապետությունում»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Բերձորի ղեկավարը՝ հստակեցնելով, որ ընդհանուր առմամբ հաշվառված է 70 ընտանիք։

Նա նաև հաստատեց տեղեկությունը, թե Արցախում և Հայաստանում բնակարաններ ձեռք բերելու համար Արցախի կառավարությունը սերտեֆիկատներ է տրամադրելու քաշաթաղցիներին (Արցախի դեպքում՝ մինչև 12 մլն ՀՀ դրամ, Երևանի դեպքում՝ մինչև 10, իսկ ՀՀ մարզերի պարագայում՝ մինչև 8 մլն), ինչպես նաև ընթացիկ ծախսերի համար՝ որոշակի գումար՝ շուրջ 40 հզր ՀՀ դրամի չափով։

Նարեկ Ալեքսանյանից հետաքրքրվեցինք նաև լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերի մասին, ըստ որոնց՝ Քաշաթաղի վարչական շրջանում կան նաև այնպիսի մարդիկ, որոնք չեն ցանկանում լքել բնակավայրն ու մտադիր են մինչև վերջ պայքարել այնտեղ ապրելու իրավունքի համար։

«Սկզբնական շրջանում, բնականաբար, նման պոռթկում կար, բայց հիմա նման բան չկա։ Մարդիկ մի կողմ են դնում հույզերն ու հասկանում իրական վտանգը»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։

Please enter a valid URL