«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ուշագրավ մանրամասներ ներկայացրեց հունիսի վերջին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների մասնակցությամբ Մոսկվայում կայացած միջնորդավորված հանդիպումից:
«Հունիսի վերջին արցախցի որոշ պաշտոնյաներ, նաև՝ Հայաստանից որոշ պաշտոնյաներ, Մոսկվայում հանդիպում են ադրբեջանցի գործընկերների հետ՝ միջնորդավորված, որովհետև Ադրբեջանը երբեք չի ընդունում, որ Արցախի իշխանության որևէ ներկայացուցչի հետ պետք է բանակցեն, միջնորդավորված հանդիպում են և գծում ճանապարհային քարտեզը՝ Աղավնո, Բերձոր և Սուս շրջաններից դուրս գալու: Ավելին ասեմ՝ ադրբեջանական կողմը հստակ պահանջ է դրել Եղցահողից և Լիսագորից հայաթափման քարտեզը ստանալու, ինչ-ինչ ճնշումների կամ բանակցությունների շնորհիվ հնարավոր է եղել Լիսագորը և Եղցահողը չներառել այդ փաթեթում: Ես սա ասում եմ առաջին անգամ՝ ձեր եթերում»,- ընդգծեց նա:
Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը կազմակերպում է արցախահայության բռնագաղթ՝ իր օրրանից. «1988-ից մինչև 90 թվականներ, Սումգայիթից մինչև Բաքու այն բռնի տեղահանումները, որ կազմակերպեցին Ադրբեջանի ազգայնամոլական կուսակցությունը՝ իր կառավարությամբ, և այսօր այս գլխավոր խեղվածի ղեկավարած քաղաքական ուժը կազմակերպում է նմանատիպ գործողություն՝ Արցախից արդեն մեկ անգամ գաղթած, իր տնից-տեղից լքված հայի հանդեպ: Դեռ չեմ խոսում մեր սփյուռքահայ հայրենակիցների մասին, որոնք բնակություն էին հաստատել այնտեղ: Ամենավատն այն է, որ Ադրբեջանը՝ որպես պատերազմում պաշտոնապես հաղթած կողմ, խնդիր է դնում մեր առջև, ասում է՝ այս խնդիրը պետք է լուծվի, դու կլուծես քո քաղաքացիների հետ խնդիրը, ես գալու եմ իմ զինվորին կանգնեցնեմ այստեղ, եթե պայմանավորվածությունը չկատարվեց, ես կրակելու եմ:
Հիմա, եթե պետությունդ որևէ օժանդակող գործոնով հանդես չի գալիս, ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ, ռեմբոյությո՞ւն, կանգնեն կրակի առջև՞, թե՞ էժանագին շոուներ անեն, ասեն՝ օ՜, մենք չենք լքում:
Գեղարվեստական ժանրից պետք է դուրս գալ և լինել իրատես. Կա իշխանություն, որն այդ փաթեթային լուծումը վաճառել է, հիմա էլ դիմացինը եկել է, ասում է՝ մուրհակդ մոտս է, պարտքդ տուր և դուրս արի այստեղից»:
Նա հիշեցրեց, որ դեռ նոյեմբերի 9-ից հետո է հայտարարել՝ եթե զրոյական արդյունքով խաղ է լինելու, և Ադրբեջանը, այսինքն՝ հաղթողը, տանում է ամեն ինչ սկզբունքն է լինելու, ապա կոնֆլիկտը գնալու է ռեէսկալացիայի.
«Դուք այստեղ չեք գտնելու հլու-հնազանդ հայ ազգ, որը համակերպվում է այն պարտադրված սխեմային, որը իր պարանոցին դրվել է, օրը գալու է, և այդ բոլոր խնդիրները լուծվելու են: Բայց այստեղ խնդիրը պետք է դիտարկել ամբողջական խճանկարի մեջ: Անցած 4-4.5 տարվա ընթացքում ի՞նչ են մեզ հրամցրել, որի արդյունքում ունենք սա: Մեզ հրամցրել են, որ բանակ գոյություն չունի, ողնաշարը ջարդվել է ազգի, դու ի վիճակի չես դիմադրելու: Այսինքն՝ քեզ պարտադրում է կապիտուլյացիա՝ մինչև զենք վերցնելը: Հոգեմտավոր կապիտուլյացիան ամենավտանգավորն է, երբ դու հանձնվել ես թշնամուն և ասում ես՝ վերջ, ես պայքարելու ոչ ունակ եմ, ոչ խնդիր ունեմ:
Երրորդ ամենակարևոր խնդիրը՝ քարոզչական դաշտում թեզեր են նետում մի քանի խեղվածների միջոցով, որոնք փորձում են ՔՊ-ում գաղափարական ռևոլյուցիա իրականացնել և ՀՀՇ-իզմը ռեբրենդինգ անել: Դոկտոր մահը, որը վերջերս ցինիկաբար մտքեր շարադրելով՝ փորձում էր ասել, թե ով ինչ պետք է գերադասի: Դուք եք մահը նախընտրել, դուք եք մահ բերել, որովհետև մենք չենք ուզում մահանալ, մենք ուզում ենք ապրել՝ հանուն հայրենիքի, բայց պատվով և արժանապատվությամբ, ոչ թե թուրքի, ռուսի, ամերիկացու, իրանցու ոտքերի տակ քարշ գալով: Այդ դուք եք ուզում, դրա համար դուք եք բերում մահ: Եթե գիտեիք, որ նոյեմբերի 9-ից հետո կա այսպիսի պայմանավորվածությունների ինչ-որ փունջ, ինչո՞ւ այդ տղերքի գլուխը կերաք»:
Ըստ նրա՝ Բերձորում և Աղավնոյում ադրբեջանցիների խնդիրն է՝ միջնաժամկետ ժամկետում վերահսկողություն սահմանել Հայաստանը Արցախին կապող ցանկացած բնակավայրում, ցանկացած ճանապարհի, դիրքի, դաշտի, ձորի նկատմամբ.
«Երբ դու վերահսկողություն ես սահմանում այդ հատվածի նկատմամբ, դրան գումարում Մեղրիից Նախիջևան գնացող ճանապարհին Ծավ և Ներքին Հանդ գյուղերի նկատմամբ ադրբեջանական ախորժակը, ամբողջությամբ պարզ է դառնում, թե ինչ է ուզում Ադրբեջանը»:
Աբրահամ Գասպարյանը նշեց, որ խրամատի այն կողմից ադրբեջանցի զինվորները հայ զինվորի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու համար ասում են՝ Փաշինյանը իմ եղբայրն է.
«Այդ մարդիկ այնքան են պատրաստված, որ ի դեմ այդ անձնավորությամբ իրենք ունեն մի դաշնակից, որը կարողանում է այդ խնդիրները լուծել»:
Նա հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի. «Նա ընդամենը դե ֆակտո իշխանություն է, չունի լեգիտիմություն: Մնում է հասկանալ՝ արդյո՞ք ընդդիմադիր դաշտում գործող դերակատարները սպասում են՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը կամ ՌԴ-ԱՄՆ պրոքսի պատերազմը Ուկրաինայում կավարտվի՞ մինչև Նոր տարի, թե՞ ոչ, որովհետև բոլորը հաշվարկների վրա են: Գործող ընդդիմությունից ոչ ոք չի ուզում անկեղծ խոսել ժողովրդի հետ և ասել՝ ժողովուրդ, մենք վիլայեթացումը կանխելու համար մինչև 2024 թվականը պետք է միութենական պետության մաս դառնանք: Իսկ ո՞վ կասի դա, ընդդիմությունը եթե չգիտի այդ մասին, ուրեմն՝ Հայաստանի քաղաքական դաշտում խաղալու իրավունք չունի, եթե գիտի և հաշվարկում է, որ պետք է չասի, որպեսզի այս խեղվածը իր գործերն անի, վերջացնի և հետո իրենք փորձեն մրցասպարեզ դուրս գալ, դա հանրային ընկալումներում շատ վատ ազդեցություն է թողնելու»:
Հարցին՝ այսինքն՝ կամ-կամ-ի առա՞ջ ենք, կամ վիլայեթացում, կամ միութենական պետության մասնիկ դառնա՞լ, նա պատասխանեց. «Ուրիշ տարբերակ երբեք էլ չի եղել, ինչ սրանք եկել են իշխանության: Դիվանագիտության և ինստիտուցիոնալ հիշողության գետնումը բերելու էր սրան, բնականաբար, արտաքին քաղաքական օրակարգում այլընտրանքային տարբերակների, դաշնակիցների քարտեզագրման բացակայությունը բերեց կանգնեցրեց փաստի առաջ: Ես ասել եմ, որ գունավոր հեղափոխությունները իբր ստեղծում են Արևմուտքում, դրանցից շահեկան է դուրս գալիս բացառապես Ռուսաստանը»:
Նա ընդգծեց, որ սպասվում են դժվար ժամանակներ, որոնք, սակայն, կկարողանանք հաղթահարել. «Ես որևէ մեկի արժանապատվությանը չեմ ուզում դիպչել, բայց ինձ համար մահացու մեղք է, ես օրը տասն անգամ գեհեն եմ գնում և վերադառնում, երբ դեռ զինվորների աճյունները ամբողջությամբ չեն վերադարձել հայրենիք՝ պատերազմից 1.5 տարի անց, բայց քաղաքի կենտրոնով շրջում ես, կարծես ոչինչ չի եղել, դա է մեծագույն ողբերգությունը: Ողբերգություն է այն, երբ դու ունես ինֆանտիլ նախարարներ, որոնք այդ ամբողջն արդարացնում են, դու ունես զառամյալ ծերունիներ, որոնք լկտիաբար կանգնում… ես իմ լրագրող գործընկերներին կոչ եմ անում ընդհանրապես նրանց չձայնագրել, ընդհանրապես չդարձնել իրադարձություն, իրենք ոչինչ են, իրենց նույնիսկ պատմության աղբարկղը չի ընդունի, այնքան գարշահոտ է գալիս իրենց վրայից: Բոյկոտեք: Ով հայրենիքի, պետության, ազգային անվտանգությանը սպառնացող հայտարարություն է տարածում, բոյկոտեք, մի լուսաբանեք»: