Մոսկվան արդարացի չի համարում խաղաղապահների հասցեին առանձին քննադատությունները, այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևը։
«Քաղաքական ինտենսիվ քննարկումներին զուգահեռ ակտիվորեն աշխատում են նաև ռուս խաղաղապահները, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում տեղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում ավելի վաղ մեկ անգամ չէ որ ընդգծել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերակատարությունը։ Խաղաղապահների նկատմամբ առանձին քննադատություններն արդարացի չենք համարում», — ասել է Նեչաևը։
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ շաբաթվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խիստ քննադատություն հնչեցրել ռուսական խաղաղապահ առաքելության հասցեին՝ ուղիղ հայտարարելով՝ Հայաստանն ակնկալում է զսպել Ադրբեջանին։
Վարչապետը հիշել էր ադրբեջանցիների կողմից Խծաբերդի ու Հին Թաղերի, Փառուխի գրավումները, շեշտելով՝ իրադարձությունները զարգացել են ռուս խաղաղապահների ներկայությամբ ու նրանց թողտվությամբ։ Շփման գծի երկայնքով հրադադարի խախտումները, Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը գործադիրի ղեկավարն անընդունելի էր համարել։