Search
Close this search box.

Ինչ է նշանակում Բաքվի հայտարարությունը` Հայաստանը շրջանցող ճանապարհի վերաբերյալ

Հայկական մեդիա-քաղաքական եւ հանրային տարբեր շերտերում ոգեւորություն է առաջացրել Բաքվի ԱԳ նախարար Բայրամովի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Ադրբեջանը» Նախիջեւանի հետ կապն ապահովելու է Իրանի տարածքով եւ նոր ճանապարհ է կառուցում։ Ոգեւորությունը կապված է այն սպասումների հետ, ըստ որի՝ «Մեղրիի միջանցքի» հարցն այսպիսով փակված է։ Այդպե՞ս է արդյոք։

Իրանի տարածքով Բաքուն այսպես թե այնպես կապ ունի Նախիջեւանի հետ, ներկայում կառուցում է ավելի կարճ ճանապարհ։ Նույն հարցազրույցում Բայրամովը ասել է, որ միջանցքն այսպես թե այնպես բացվելու է, ուզենա Հայաստանը, թե ոչ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պաշտոնապես չի չեղարկվել, իսկ այնտեղ սեւով սպիտակի վրա Հայաստանի հարավով անցնող ճանապարհը սահմանված է որպես միջանցք, առանց այդ բառն օգտագործելու, որքան էլ քպ-ական իշխանությունը պնդի, թե «միջանցքային տրամաբանություն» չկա։ Եթե ճանապարհը հսկելու է օտար երկրի հատուկ ծառայությունը, տվյալ դեպքում ՌԴ ՖՍԲ-ն, նշանակում է դա միջանցք է։

Եռակողմ հայտարարությունը վերաբերում է միայն Հայաստանին, Մոսկվան ու Բաքուն այն խախտում են դրա ստորագրման հաջորդ իսկ օրվանից։ Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն առիթ-անառիթ կրկնում են, որ Հայաստանը պետք է կատարի այդ հայտարարության դրույթները։ Իր հերթին, նույն համառությամբ Իրանը կրկնում է աշխարհքաղաքական սահմանների փոփոխության, այսինքն՝ Հայաստանի հարավի ռուս-թուրքական անեքսիայի անթույլատրելիությունը, հայտարարելով, որ կհակազդի նման փորձերին։ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիան եւ նոյեմբերի 9-ի թուղթն ուղղված էր նաեւ Իրանի դեմ։

Իրանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները զսպում են ռուսներին ու թուրքերին, ինչը սակայն ՀՀ իշխանության կողմից անհրաժեշտ ջանքերի չի արժանանում։

Միեւնույն ժամանակ, Մեղրիի միջանցքի շուրջ աղմուկն ու իրարանցումը, ինչպես նշել ենք բազմիցս, կոչված է որոշակի շեղել ուշադրությունը բուն խնդրից, որից ածանցյալ է միջանցքի հարցը։ Մոսկվան ու Բաքուն Արցախում այս փուլում արագացնում են զինաթափումն ու ճանապարհների ռեժիմի փոփոխությունը, իսկ հայ հանրության շրջանում ռուսանպաստ ագենտուրայի ու զլմ-ների միջոցով փորձ է արվում նրբորեն ներդնել այն միտքը, որ դա միջանցքի «չբացման» գինն է։

Պուտինը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո հայտարարեց, թե եռակողմ հայտարարությունից հրաժարվելն ինքնասպանություն կլինի Հայաստանի համար։ Իր ցնորամիտ պլանների համար Հայաստանի դեմ Արցախում պատերազմը թուրքերի հետ սանձազերծելով եւ զորք մտցնելով, Պուտինը ինքն է ընտրել Ռուսաստանի ինքնասպանության ճանապարհը, որը բոլորի համար ակնհայտ դարձավ Ուկրաինայում, որի դեմ պատերազմը Պուտինը սանձազերծեց Հայաստանի դեմ արշավի հաջողությունից ոգեշնչված։

Ռուսաստանը հնարավոր է փրկվելու շանս ունի, որը, որքան էլ տարօրինակ հնչի պարզամիտ հայի համար, կախված է հենց Հայաստանից։ Այլասերվածության հասնող օտարասիրությունն իր առավել տգեղ՝ ռուսասիրության տեսքով, կործանում է ոչ միայն Հայաստանը, այլեւ Ռուսաստանը։ Ժամանակն է ազատ արձակել ռուսներին՝ իրենց հար եւ նման պրոքսի թուրքերով, եռակողմ հայտարարություններով ու հայերին միլիոնավոր մարդկային ու հայրենիքի կորուստ պատճառած ավելի քան 200-ամյա «դարավոր բարեկամության» ողջ փասա-փուսայով։
lragir.am

Please enter a valid URL