ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 9-ին մահացած զինվորի քրեական վարույթով հարցաքննվում են զորամասի ողջ անձնակազմը: Դեպքը եղել է Տավուշի մարզի զորամասերից մեկում: Նախաքննական մարմինը քննություն է տանում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Զինվորը այդ ժամանակ եղել է մենակ, ուստի առայժմ նախաքննական մամմինը որեւէ կասկած չունի, թե նրան հասցրել են այդ քայլին ու նա ինքնասպան է եղել: Այս պահին քննիչները ստուգում են հանգամանքը, թե նրա այդ քայլը կապված է ծառայության հետ, թե անձնական խնդիր է:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին:
Ստացված տեղեկությունների համաձայն, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:
Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ: