Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ, տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական էջից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։
ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը:
Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում եւ կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարեւորությունը:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջեւ ապրանքների տարանցումը եւ զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ եւ այլ ուղղություններով։
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պատմական ու խորն է որակել երկու երկրների փոխհարաբերությունները եւ ընդգծել հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։