Search
Close this search box.

Արցախից պարզաբանում են

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր:

«Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանը Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Տեղեկությունը նաև հաստատել էր Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի գրավոր հարցին, թե ո՞րն էր այցելության նպատակը և ի՞նչ հարցեր են քննարկվել, Արցախի ԱԽ գրասենյակից նշեցին. «Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»:

Հարցին, թե արդյոք նմանատիպ այցելություններ եղել են Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր, ԱԽ գրասենյակից բացասական պատասխան են տվել:

«Արմենպրես»-ի թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչներին պատշաճ և անվտանգ տարհանումը մինչև օգոստոսի 25-ը կազմակերպելու համար:

«Տեղեկացնում ենք, որ մնացյալ հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ»,- նշել են Արցախի ԱԽ գրասենյակից:

Please enter a valid URL