Search
Close this search box.

Ռազմաքաղաքական բալանսն ապահովվում է հենց հյուսիսկորեական ռեժիմի առկայության շնորհիվ

Գուցե ոմանց համար զավեշտալի, կամ, առնվազն, տարօրինակ թվա ԱՄՆ նախագահի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև ծայր առած այս հեռակա “սիրառատ” նամակագրական կապը, բայց այն հստակորեն արտացոլում է մի իրողություն` խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մի կողմից Չինաստանի ու Ռուսաստանի, իսկ մյուս կողմից ԱՄՆ, Ճապոնիայի և Վաշինգթոնի այլ տարածաշրջանային դաշնակիցների միջև ներկայիս ռազմաքաղաքական բալանսն ապահովվում է հենց հյուսիսկորեական ռեժիմի առկայության շնորհիվ: Այն պահին, երբ ինչ-ինչ պատճառներով վերանա կամ վերացվի այդ ռեժիմը, կխախտվի նաև առկա հավասարակշռությունը, ինչը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ առնվազն տարածաշրջանի մի շարք պետությունների համար: Կարծում եմ, որ Վաշինգթոնում վաղուց են մտմտում նախագահ Թրամփի այսօրինակ նամակների հասցեատիրոջը ֆիզիկապես վերացնելու հնարավորությունների մասին, սակայն նման գործողության հետևանքները շատ ավելի լայն ընդգրկում են ունենալու և դրանք դժվար է հաշվարկելն անգամ ԱՄՆ համար: Կարծում եմ, որ հենց այդ պատճառով ԱՄՆ գործող վարչակազմը կնախընտրի ԿԺԴՀ-ին խեղդամահ անել տնտեսական պատժամիջոցների օգնությամբ: Սակայն այստեղ ևս խնդիր կա` նախ, հավանաբար, անհնար է հաշվարկել պատժամիջոցների կիրառման քանակական այն շեմը, որն անցնելուց հետո Կիմ Չեն Ընը կարող է առաջինը միջուկային կոճակը սեղմել, իսկ բացի այդ էլ պարզ չէ, թե, օրինակ, Չինաստանը որքանով պարտաճանաչ կգտնվի պատժամիջոցներն ամբողջ ծավալով կիրառելու հարցում: Այդուհանդերձ, գտնում եմ, որ հյուսիսկորեական միջուկային ծրագիրը չեզոքացնելու հիմնախնդիրն իր հանգուցալուծումը կունենա առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում:

Արման Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL