Search
Close this search box.

Կացնահարել է քնած ամուսնուն. Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործը դատարանում է

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել, սպանել է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին:

Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ.. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 փող. 4-րդ տանը, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:
Հերթական անգամ՝ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, ամուսինը տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծել է Ռուզաննա Մկրտչյանին, այնուհետ ննջասենյակից կնոջը դուրս է վռնդել և քնել: Ռուզաննա Մկրտչյանը խոհանոցում տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել կացնով սպանել ամուսնուն՝ տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար:

Ռուզաննա Մկրտչյանը, վերցնելով կացինը, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել Մանուկ Սիմոնյանի գլխին: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո Ռուզաննա Մկրտչյանը տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենց» մակնիշի 77 NM 779 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում:

 

Please enter a valid URL