Search
Close this search box.

Արցախի պետ​​նախարար Արտակ Բեգլարյանը գրառում է արել

Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական հարձակումներին և սադրանքներին։ Այս մասին իր տելեգրամյան միկրոբլոգում գրել է Արցախի պետ​​նախարար Արտակ Բեգլարյանը։

«Ցավոք, ունենք 2 զոհ եւ 19 վիրավոր՝ հիմնականում անօդաչու թռչող սարքերի հարվածներից։

Խորապես ցավակցում եմ Գուրգեն Գաբրիելյանի եւ Արթուր Խաչատրյանի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Այս դեպքերը եւս մեկ անգամ ապացուցեցին.

1. Արցախի ժողովրդի դիմադրողական ոգին կոտրված չէ, եւ մենք պատրաստ ու ընդունակ ենք ինքնապաշտպանության։

2. Ադրբեջանը շարունակում է հայատյացության եւ պատերազմի քաղաքականությունը՝ բացառելով հայ ժողովրդի գոյությունը առնվազն Արցախում, իսկ ապագայում՝ Հայաստանի Հանրապետությունում։

3. Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմները, հատկապես այս փխրուն աշխարհակարգում, չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, եւ մենք ստիպված ու պարտավոր ենք անընդհատ բարձրացնել մեր ռազմավարական կայունության մակարդակը։

4. Ադրբեջանի հակահայ քաղաքականության պայմաններում հակամարտության ավարտը տեսանելի չէ, եւ Բաքուն կփորձի աստիճանաբար բարելավել իր ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում ու պարբերաբար իրականացվող միջոցներով. սադրանքներ, վիրավորանքներ եւ տարբեր տեսակի ճնշումներ, հասնել Արցախի հայաթափմանը։ Այդ նպատակով Ադրբեջանը կիրառում է տարբեր միջոցներ, այդ թվում.

ա) ուժի կիրառում եւ ուժի սպառնալիք,

բ) սեփական ռազմական հնարավորությունների շարունակական կատարելագործում,

գ) Թուրքիայի ներգրավվածություն տարածաշրջանային հարաբերություններում իր օրակարգի հարցերում,

դ) Արցախի մեկուսացման խորացում,

ե) ադրբեջանական թեզերի եւ շահերի առաջմղում՝ տարածաշրջանում եւ աշխարհում Ադրբեջանի դերի ուժեղացմամբ ու կեղծ տեղեկատվական հոսքերով,

զ) հայության տարբեր մասերի միջեւ պառակտման սերմանում եւ խթանում,

է) հայերի (առաջին հերթին արցախահայերի) մեջ անօգնականության եւ հուսահատության զգացումի սերմանում,

ը) Արցախում կենսական կարեւոր պայմանների վատթարացում եւ խոչընդոտում,

թ) տարածաշրջանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի եւ ընդհանուր առմամբ Ռուսաստանի լծակների ու հնարավորությունների սահմանափակում եւ վարկաբեկում՝ հատկապես հայերի շրջանում:

5. Քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի եւ համայն հայության համար, եւ հաշվի առնելով վերը նշված սպառնալիքները, մեր միակ լուծումը Արցախի եւ Հայաստանի ռազմավարական դիմադրության մակարդակի անընդհատ եւ արագ բարձրացումն է՝ հատկապես հետեւյալ ոլորտներում.

ա) կայուն անվտանգություն,

բ) աճող ժողովրդագրական ցուցանիշ,

գ) աճող տնտեսություն,

դ) որակյալ կրթություն,

դ) արդյունավետ կառավարում,

ե) ազգային գաղափարախոսություն,

զ) պրագմատիկ միջազգային հարաբերություններ.

6. Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել կայուն եւ գործնական համազգային համախմբում Արցախի հայկական ապագայի եւ հայոց պետականության զարգացման ու հզորացման շուրջ։

7. Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը։

Այս հարցերի եւ հայ ժողովրդի համար Արցախի (Արցախիզմի) բացառիկ կարեւորության ու Արցախի ապագայի համար իմ ավելի մանրամասն մտորումները կներկայացնեմ առաջիկայում հրապարակվելիք ծավալուն հոդվածով»,- գրել է Բեգլարյանը։

Please enter a valid URL