Հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ժամկետաին զինծառայող Նվեր Գեւորգյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց զինծառայողի հորաքույրը` «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը:
«Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից է Նվերը վիրավորում ստացել, նրան անմիջապես տարել են Վարդենիսի հոսպիտալ, այնտեղից էլ ռեամոբիլով տեղափոխվել է Երեւան: Վիրավորում ստացել է նստատեղի հատվածում, սակայն արյունահոսություն չի եղել: Նվերը 1.5 տարվա ժամկետային զինծառայող է, զորացրվելու է փետրվարին»,-ասաց նա:
Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն տարածեցին դեպքի կապակցությամբ:
«Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է հաղորդագրությունում: