Search
Close this search box.

Ապարանի աղմկահարույց կրակոցներց 3-րդ վիրավորն այսօր մահացավ 50 օր կոմայից հետո

Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած և «Արմենիա» ԲԿ տեղափոխված Սամվել Սանդրոյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Նա այդպես էլ գիտակցության չեկավ։ Կոմայի մեջ էր»,- ասել է Կուրղինյանը։

Նշենք, որ ԱԱԾ ծառայող Սամվելը գլխի հատվածում էր վիրավորում ստացել։ Նա Ապարանի կրակոցների երրորդ զոհն է։

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում, Ապարան քաղաքում ավտոմեքենան վարիս ձայնային ազդանշան էր տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, մոտեցել վարորդին եւ վիճել նրա հետ: Միջամտել էին Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ նորից գնացել էր Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել էր իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

Երեկոյան Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում վիճաբանությունը շարունակվել էր, որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ էր արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել էին, իսկ հինգ անձ տեղափոխվել Երեւանի բժշկական կենտրոններ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել էր այն բանից, որ ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ընդորում, կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր իր եւ իր ընտանիքի անդամների մասնակցությունը միջադեպին։ Այս տեղեկությունները կեղծ էր որակել նաեւ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը։

Մահացած եւ տուժած բոլոր 7 քաղաքացիներն էլ Ապարանից էին։ Մահացած տղաները՝ 27–ամյա Համիկ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանն էին։ Երկուսն էլ ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։ Մյուս մահացածը՝ 27-ամյա Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Please enter a valid URL