ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Ադրբեջանի նրա պաշտոնակից Զաքիր Հասանովի միջև անցած տարեվերջին հաստատված ուղիղ կապն այժմ չի գործում։
Այս մասին, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի, հայտնեցին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։
Հիշեցնենք` 2021թ-ի նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ կոմունիկացիան ու Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակել` առաջարկելով, որ նույնն անի Ադրբեջանը։
«Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է»,- նշել էր Փաշինյանը։
2021թ-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ԵԽ նախագահ Շառլ Միշելը բարձր էր գնահատել իր իսկ աջակցությամբ 2 երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատմանն ուղղված քայլերը։
Նա շեշտել էր, որ այս մեխանիզմը կարող է նպաստել միջադեպերը կանխելուն և դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման առնչությամբ։