Search
Close this search box.

Կրեմլի արձագանքը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա Կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարությանն առ այն, որ այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առնչությամբ:

Սրան ի պատասխան Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության՝ տարբեր մակարդակներով Հայաստանի հետ սերտ շփումները հնարավորություն կտան պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ։

«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են: Գլխավորն այն է, որ բոլոր այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այս փաստաթղթերի շրջանակում, կատարվեն: Եթե հարցեր կան, ապա, իհարկե, դրանց պետք է պատասխանել: Միաժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան պարզաբանել եղած հարցերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Ստորև ներկայանում ենք Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը՝ կապված Արցախում խաղաղապահների գործունեության հետ.«Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2020 թ-ի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ 2020թ-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմիից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022թ-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայության խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը, սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով ԼՂ-ում ՌԴ զորախմբի մանդատի մասին՝ Փաշինյանն ասաց․ «ՀՀ-ի և ՌԴ-ի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»։

Please enter a valid URL