Search
Close this search box.

Ուղիղ․ Հրատապ նիստ՝ Աղվան Հովսեփյանի գործով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրավիրվել է հրատապ դատական նիստ։

Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը «Իզմիրլյան» ԲԿ-ում կտրուկ վատթարացել է։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչև 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաև կրկնվել։ Բժիշկները մասնագիտական կարծիք են ներկայացրել առ այն, որ Աղվան Հովսեփյանի մոտ առկա են դիաբետի դեկոմպենսացիայի հետևանքով առաջացած քրոնիկական բազմաթիվ բարդություններ, մեծ է հավանականությունը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման՝ ընդհուպ մինչև 31 և ավել մմոլ/լ, որը կարող է հանգեցնել կոմայի, ինչը ծանր վտանգ է համարվում մարդու առողջության և կյանքի համար։ Այս հանգամանքով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման փոփոխման հարցը քննարկման առարկա դարձնելու համար։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։ Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Please enter a valid URL