Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորությունից: Իրականում Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր։ Դեռևս նախորդ տարվանից ունենք սահմանապահ ու մաքսային կետ, մենք Ադրբեջանին ասել ենք՝ ցանկացած պահի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ», — ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան.
«Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան ու մենք երաշխավորում ենք երթևեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում էլ կարող ենք դա ապահովել, կարող ենք ապահովել նաև Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում»,- ասաց նա։