Search
Close this search box.

Ադրբեջանը հստակ կատարում է իր ծրագիրը, պատերազմն անխուսափելի է. Ագո

Ադրբեջանի վերջին գործողություններն իր կողմից ծրագրած պատերազմի նախերգանքն են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար, ռազմական գործիչ Արկադի Կարապետյանը (Ագո):

«Ադրբեջանը չի փորձում լարվածությունը մեծացնել, Ադրբեջանը կռվի է պատրաստվում։ Հստակ կատարում է իր ծրագիրը, պատերազմն անխուսափելի է։ Իրենց վերջնական խնդիրը Հայաստանը եւ հայ ազգը ոչնչացնել է։ Ադրբեջանն ասում է՝ Երեւանն իմն է, իսկ մարդիկ իրենց հանգստացնում են, որ սադրանքներով Ադրբեջանն ընդամենը միջանցք է ուզում։ Մինչեւ այս ազգը չմիանա, ուժ չդառնա, չենք կարող մեր ծրագրերն իրագործել։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ինչ ենք ուզում, քանի որ չունենք գաղափարախոսություն։ Այն, որ Հայաստանից այլեւս ժամկետային զինծառայողներ չեն մեկնելու Արցախ, նշանակում է, որ Արցախը մնաց մենակ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ձեռքերը լվացին Արցախից։ Ամեն ինչ շատ պարզ է, ինչ էլ ասվի։ Մեր առաջին հանրապետության վերջին նիստը սկսվել է այսպես՝ մենք կարող էինք տալ Ղարաբաղին զենք, զինամթերք, բայց չտվեցինք։ Հիմա էլ շատ բան չի փոխվել, ամեն ինչ կրկնվում է»,- նշեց Կարապետյանը։

Արկադի Կարապետյանի դիտարկմամբ՝ մեր Զինված ուժերն այսօր լավ վիճակում չեն, սակայն խնդիրը հնարավոր է կարգավորել օրերի ընթացքում։

«Բանակն այնպիսի վիճակի է պետք բերել, որ հնարավոր լինի բոլորի վրայով անցնել։ Ես կարծում եմ՝ ամենածանրը մեզ համար բանակի բարոյահոգեբանական վիճակն է։ Հիմա մենք ողնաշար չունենք։ Բանակում պետք է ծառայել այնպես, ինչպես ծառայում են եկեղեցուն։ Պետք չէ աշխատել բանակի համար, պետք է ծառայել, որովհետեւ ծառայելուց ուրախություն ես ստանում, արդյունավետությունն էլ հազարապատկվում է»,- նկատեց Արկադի Կարապետյանը։

Ըստ Արկադի Կարապետյանի՝ հիմա հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, քանի որ աշխարհում իրավիճակը դասավորվել է այնպես, որ նույնիսկ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի կես ժամ անց։

«Պետք է խոսենք, թե վաղն ի՞նչ է լինելու։ Ես լավատես եմ, որովհետեւ մեր ազգը Սարդարապատի զգացումն ունի։ Մեզ մոտ շատ հարցեր են լուծվում։ Մեզ է թվում, թե մենք կարեւոր չենք աշխարհի համար, դրա համար էլ այս վիճակում ենք։ Իսկ իրականում՝ շատ կարեւոր ենք։ Մենք միշտ էլ ինչի որ հասել ենք, հասել ենք միայնակ։ Աստված մեզ ամեն ինչ ցույց է տալիս, ընդամենը տեսնել է պետք։ Մեր ծրագիրը պետք է փոխվի, ակնհայտ է, որ մեր պոտենցիալն ու կարողությունները շատ մեծ են»,- ընդգծեց Արկադի Կարապետյանը։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, թե տասնամյակներ շարունակ մեզ քարոզվել է մահ, Կարապետյանը նշեց, որ խաղաղությունը եւս պաշտպանության կարիք ունի։

«Ով այդպես է ասում, թող Ամերիկայում հանգիստ, չաղ ու բախտավոր ապրի: Ո՞վ է մահ քարոզել, նման բան չկա։ Եթե նման բան լիներ, մենք ուղղակի չէինք լինի։ Աշխարհը խաղաղություն չի ուզում, ազգեր կան, որոնք բաց տեքստով ասում են՝ Հայաստանը պետք է կոտորվի, օրինակ՝ Պակիստանի Հանրապետությունը։ Դե եկենք Պակիստանին ասենք՝ մենք ձեր եղբայրն ենք։ Կընդունի՞ մեզ։ Ծիծաղելի է, եթե այս վիճակում ասենք՝ պատերազմ ենք ուզում, բայց պետք է պատրաստ լինես խաղաղությունդ, քեզ պաշտպանելու։ Մահն էլ այստեղ մեղավորություն չունի։ Եթե չես կարողանում քեզ պաշտպանել, պետք է մահանաս։ Խաղաղության դարաշրջանի մասին անդադար խոսելը, պատրաստվելը թույլի անգործության արդարացումն է։ Կյանքը շատ պարզ է ու դաժան։ Ոչ մի բան աշխարհում ու մարդակային հարաբերություններում չի փոխվել։ Տագնապի մեջ որեւէ օրգանիզմ չի կարող երկար գոյատեւել»,- հավելեց Կարապետյանը։

Please enter a valid URL