Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Վերահաստատվել է հանձնառությունը համապարփակ և արդյունավետ կերպով կյանքի կոչելու դրանք, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:
Երկկողմ հարաբերությունների համատեքստում հատուկ ուշադրություն է հատկացվել ռուս-հայկական կապերի ներկա վիճակին ու հետագա սերտացման հեռանկարներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ը ՌԴ կատարած պաշտոնական այցի, ինչպես նաև մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում:
Գոհունակությամբ ընդգծվել է Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության բարձր մակարդակն ընդհանուր եվրասիական ինտեգրացիոն կառույցների շրջանակում: Քննարկվել են առաջիկայում կայանալիք երկկողմ միջոցառումների ծրագրերը: