Հայտնի է դարձել ՀՅԴ անդամների մուտքը Հայաստան արգելելու հերթական դեպքը․ ՀՀ ԱԱԾ-ն թույլ չի տվել Նիդերլանդների Հայ դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի եւ Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը։ Երեկ ռուս սահմանապահները թույլ չեն տվել ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ։
Մի քանի օր առաջ ՀՀ ԱԱԾ-ն արգելել էր Ֆրանսիայի հայ դատի գրասենյակի ղեկավար Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Իսկ ավելի վաղ ռուս խաղաղապահներն արգելել էին ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքն Արցախ։
ՀՅԴ-ականների վերաբերյալ պաշտոնական բացատրությունն այն է, որ նրանք ցույցեր են արել Նիկոլ Փաշինյանի այցերի ժամանակ։ Արցախ մուտքն արգելելու վերաբերյալ պաշտոնական բացատրություններ չկան ոչ հայկական, ոչ էլ ռուսական կողմից։ Պատգամավորների մուտքն արգելելու կապակցությամբ ռուս զինվորականները միայն ակնարկել էին, թե դա կարող է անկայունության պատճառ դառնալ Արցախում։ Այս բացատրությունը սակայն ինչ ասես արժեր։
Քպ-ականների ու ոչ իշխանական շրջանակների հայտարարությունների ու մեկնաբանությունների կողքին արժե ուշադրություն դարձնել կարեւոր հանգամանքի վրա։ ՀՀ իշխանությունը փորձում է հայ հանրությանը համոզել, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը, Արցախի խնդիրը, սահմանազատումն ու հաղորդակցությունների բացումը տարբեր խնդիրներ են, տարբեր խնդիրներ են նաեւ Սփյուռքը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Սա խրախուսվում է Մոսկվայի ու Բաքվի կողմից եւ նպատակ ունի «անցնցում» իրականացնել Հայաստանի պետականության լուծարման ռազմավարությունը։
Իրականության մեջ, այս խնդիրները նույն փաթեթի բաղադրիչներ են եւ գործնական մակարդակում իրագործվում են Հայաստանը, Սփյուռքը եւ Արցախը իրարից անջատելու միջոցով։ Դժվար թե փաշինյանական խմբակը սա չի հասկանում, երբ հայտարարում է, թե այդ խնդիրները միմյանց հետ կապ չունեն։ Կապ ունեն, խնդիրը հենց տարանջատելն է մինչեւ վերջ, համաձայն տերպետրոսյանական «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության» հիմնադրույթի, որն ընկած է հայկական պետականության լուծարման ռազմավարության հիմքում, ինչն էլ իրագործում է Փաշինյանը ՀՀ ԱԱԾ եւ ռուս խաղաղապահների միջոցով։
ՀՅԴ-ն, Րաֆֆին, անկախ ամեն ինչից, միասնության խորհրդանիշներն են, որոնց դեմ այս ակցիաները խորքում ուղղված են վերոհիշյալ խնդրի լուծմանը։
Lragir.am