Հայկական խաղաղապահ զորախումբը շարունակում է Կոսովոյում իր առաքելությունն իրականացնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը` մեկնաբանելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
«Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել համաձայն իր առջև դրված պլանի»,- նշեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունն ԱՄՆ-ի կոչից հետո մեկ ամսով հետաձգել է սերբական համարանիշերով ու փաստաթղթերով մեքենաների ու մարդկանց մուտքի արգելքը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հուլիսի 31-ին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն է սկսելու տարածաշրջանի հյուսիսում և արգելափակելու է այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։