Search
Close this search box.

Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ պատերազմը չի ավարտվել․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արցախի ու Հայաստանի ուղղությամբ վերջին օրերին նկատվող ադրբեջանական ակտիվությունը, որն արտահայտվում է հրադադարի ռեժիմի տարբեր բնույթի խախտումներով, ունի տարբեր պատճառներ։ Այս թեմայով մի քանի դիտարկումներ։

1. Հետպատերազմական ժամանակահատվածում կողմերը նոր բնագծեր են ձևավորում, իսկ դա ենթադրում է տեղերում բարենպաստ դիրքերում տեղակայվելու մրցավազք։

Մեծ առումով Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո, օգտվելով ՀՀ իշխանությունների քաղաքական թողտվությունից և լռությունից իր հիմնական խնդիրը լուծել է՝ գլխավոր ուղղություններով ստանալով մարտավարական և ռազմավարական առավելություն։ Կան որոշ ուղղություններ, որտեղ դիրքային պայքարը դեռ ընթանում է, ինչը ուղեկցվում է իրադրային փոփոխություններով։

2. Ադրբեջանն օգտագործում է իր դիրքային առավելությունները և անընդհատ հիշեցնում ՀՀ իշխանություններին, որ խոստացածն ու բանավոր/գրավոր պայմանավորվածությունները չկատարելու դեպքում ուժի կիրառումը տարբեր մասշտաբներով կրկին առաջին պլան կգա։

3. Ինժեներական աշխատանքների, այսպես ասած, սեզոնային բնույթով պայմանավորված, առաջնագծում ակտիվությունը մեծացել է, ինչն անխուսափելիորեն բերում է տարբեր բնույթի սրացման։

4. Ադրբեջանը մեր զինված ուժերի ցանկացած շարժ՝ ներքին վերադասավորումներից մինչև առաջնագծի ենթակառուցվածքային փոփոխություն, դիտում է որպես ռևանշի փորձ ու ցույց տալիս, որ դա ամեն գնով պատրաստ է կասեցնելու։

5. Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ պատերազմը չի ավարտվել, իր հավակնությունները շատ հեռու են բավարարված լինելուց և անկախ ՀՀ իշխանությունների զիջողական քաղաքականությունից, ճնշումները շարունակվելու են, իսկ ՀՀ-ի իշխանությունների դեմ դրվող պահանջներն ընդլայնվելու»։

Please enter a valid URL