Search
Close this search box.

ԱՄՆ սեղմում է Իրանի շուրջ օղակը. Հայաստանի մարտահրավերը

ԱՄՆ և Իրանի վերադարձը 2015-ի միջուկային համաձայնագրին քիչ հավանական է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Մերձավոր Արևելքի հարցերի խորհրդական Բրետտ Մըքգուրկը: Նրա խոսքով, Սպիտակ տունը մտադիր է Իրանի հանդեպ վարել միակողմանի պատժամիջոցների և դիվանագիտական մեկուսացման քաղաքականություն: Նա իհարկե հայտարարել է, որ Վաշինգտոնը կխուսափի Իրանի շուրջ իրավիճակն առանց անհրաժեշտության լարելուց, բայց թերևս արժե նկատել նաև, որ ԱՄՆ նախագահ Բայդենի մերձավորարևելյան այցի ընթացքում ստորագրվել է Իսրայել-ԱՄՆ այսպես ասած «Երուսաղեմի հռչակագիրը», որով Վաշինգտոնը լիակատար անվտանգային աջակցություն է հայտնել Թել Ավիվին, այդ թվում Իրանին զսպելու և Իրանի միջուկային ծրագրից բխող սպառնալիքներին հակազդելու գործում: Իսկ Իսրայելն օրերս հերթական անգամ հայտարարեց, որ չի վարանի Իրանին հասցնել ռազմական հարված՝ միջուկային սպառազինության վտանգի պարագայում:

Իրանի շուրջ իրավիճակը իսկապես բարդ է և լարված, ինչի ազդեցությունն անկասկած կարող է տարածվել նաև Հայաստան-Իրան հարաբերության, հայ-իրանական սահմանի, և ընդհանրապես կովկասյան ռեգիոնում ծավալվող իրողությունների վրա: ԱՄՆ-Իրան հարաբերության զարգացման հեռանկարից, դրա տրամաբանությունից է զգալիորեն կախված, թե Վաշինգտոնն ինչ նպատակներ կհետապնդի Կովկասում՝ իր համար մարտավարական գործողությունների ռեգիոնում, որտեղ վերջին շաբաթներին նկատվում է ԱՄՆ էական աշխուժացում: Կասկած չկա, որ այդ աշխուժացումը հիմնավորապես թելադրված է Իրանի հանդեպ քաղաքականությամբ, այդ համատեքստում նաև դիտարկելով Ռուսաստան-Իրան հարաբերության խնդիրը, որ ԱՄՆ համար ևս ռազմավարական հարց է: Այդ ամենը Հայաստանի համար առաջացնում են մարտահրավերներ, որովհետև, օրինակ, շատ բարդ է ասել, թե հայ-իրանական սահմանի հարցում ինչպիսի՞ ռեժիմ կենթադրի Թեհրանի հանդեպ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցային քաղաքականությունն ու դիվանագիտական մեկուսացման նպատակադրումը: Եվ արդյո՞ք այդ խնդիրները չէին հուլիսի 19-ին Թեհրանում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ իր հանդիպումներում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեյիի հնչեցրած խոսքերի գլխավոր պատճառը՝ հայ-իրանական սահմանի առնչությամբ:

Ի դեպ, այդ կապակցությամբ հարկ է թերևս հիշել 2018-ի հայտնի մի դրվագ, երբ Մոսկվա, իսկ հետո Կովկասի երեք երկրներ այցելեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը, որն ի դեպ ամերիկյան քաղաքականության մեջ իրանյան խնդրի «ռազմավարներից» մեկն էր, և նրա այցից հետո Հայաստանի վարչապետը խոսեց հայ-իրանական սահմանի հարցում հնարավոր միջազգային մարտահրավերների մասին: Որքան է իրադրության սրության աստիճանն այժմ, բավականին բարդ է ասել, սակայն անկասկած է այն, որ ԱՄՆ կովկասյան ուղղությամբ գործնականում ձեռնամուխ է եղել որոշակի քայլերի, որոնք միտված են նոր իրողություն ձևավորելու: Հայաստանի համար, իհարկե անկախ իրավիճակի բարդության աստիճանից, անփոփոխ է մնում գերխնդիրը՝ ապահովել համարժեք աշխատանք բոլոր կողմերի հետ, առանցքում ունենալով մի կարևոր հանգամանք բացատրելու մշտական նպատակադրումը՝ Հայաստանի համար խիստ անցանկալի է աշխարհաքաղաքական շահերի բախման ռեժիմը, ու թեև Երևանն անշուշտ հասկանում է այդ հարցում իրադրության վրա ազդելու իր հնարավորությունների սահմանափակությունը, այդուհանդերձ աներկբա է այն, որ Հայաստանը բացարձակապես մտադիր չէ դառնալ որևէ ուղղության դեմ դիրքավորվող սուբյեկտ:
1in.am

Please enter a valid URL