Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ հաղորդագրության, մեր զինուժի պատասխան գործողություններից հետո ադրբեջանական կրակը լռել է: Այս տեղեկությունը հատկանշական է Արցախից ստացված տեղեկատվության ֆոնին: Պաշտպանական բանակը հայտնել էր, որ հուլիսի 28-ին ադրբեջանցիները անկանոն կրակ էին բացել Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ուղղությամբ, որոնք շփման գծի գյուղեր են: Ըստ հաղորդագրության, կրակոցները տևել են մոտ 20 րոպե: Հայկական կողմը հայտնում է, որ դրա մասին տեղեկացվել է խաղաղապահ զորախումբը: Թե Հայաստանի սահմանին, թե Արցախում հնչած ադրբեջանական կրակոցներից հայկական կողմը չունի որևէ զոհ և վիրավոր:
Հատկանշական է, որ միջադեպերը տեղի են ունենում հուլիսի 28-ին՝ գրեթե զուգահեռ ժամանակային շրջանակում: Կա՞ որևէ կոնկրետ ընդհանուր կապ Հայաստանի սահմանին և Արցախի շփման գծում գրեթե զուգահեռ ադրբեջանական կրակոցների միջև: Սա իհարկե բավականին բարդ է ասել, սակայն այդ զուգահեռը հատկանշական է: Երբեք բացառելի չէ անշուշտ այն, որ այդպիսի միջադեպերը կարող են լինել զուտ զինվորական, այսպես ասած դիրքային բնույթի: Միևնույն ժամանակ, նույնիսկ այդ պարագայում՝ չունենալով քաղաքական մոտիվ կամ շարժառիթ, դրանք թերևս անխուսափելիորեն կարող են ունենալ քաղաքական արդյունք կամ հետևանք: Տվյալ պարագայում շատ դժվար է ասել՝ եղե՞լ է քաղաքական մոտիվ, Ադրբեջանը կրակել է քաղաքակա՞ն ցուցումով, թե՞ ոչ, բայց տեղի ունեցածը հատկանշական է քաղաքական-դիվանագիտական աշխուժության այս փուլում, որ առկա է հայ-ադրրբեջանական հակամարտության շուրջ, խաղաղ գործընթացի ուղղությամբ, հաղորդուղիների ապաշրջափակման և սահմանազատման հարցերի թեմայով: Ուշադրության է արժանի թերևս այն, որ կրակոցները հնչում են ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգից հետո:
Հուլիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազանգ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Ըստ ամերիկյան հաղորդագրության, նա Ալիևի հետ զրույցում հաստատել էր հաղորդուղիների ապաշրջափակումը դյուրացնելու հարցում ԱՄՆ օգնության պատրաստակամությունը: Հետո արդեն Հայաստանում ԱՄՆ դեսպանը մանրամասնել էր, որ ԱՄՆ-ն առաջարկում է տեխնիկական աջակցություն: Ադրբեջանը դժգո՞հ է այդ առաջարկից, թե՞ հակառակը՝ Ադրբեջանը փորձում է հերթական անգամ դիմել ռազմական շանտաժի գործիքի, առաջարկի հարցում Երևանին որևէ որոշում պարտադրելու համար: Թե՞ Ադրբեջանն այս դեպքում կարող է լինել գործիք ռուսական դժգոհությունն արտահայտելու համար:
1in.am