Ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում Երևան-Էջմիածին մայրուղու` մասնավորապես Զվարթնոց տաճարի և մոտակա բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով կիլոմետրանոց խցանում է Երևանից դեպի Էջմիածին գնացող ուղղությամբ։
Ստուգվում են նաև Մարգարա գյուղ գնացող բոլոր մեքենաները:
Ըստ տեղեկություններով` նման ուժեղացված ծառայություն իրականացվում է նաև մայրաքաղաք մտնող ու դուրս եկող բոլոր հատվածներում։
Ծառայություն իրականացնող ոստիկանական խմբի ղեկավար մայորը 168.am-ին չպատասխանեց, թե ինչ ծառայություն են իրականացնում, ի՞նչ են փնտրում, հորդորեց դիմել ոստիկանության լրատվական ծառայություն:
Տեղեկություններ կան, որ ուժեղացված ծառայության պատճառը այսօր՝ հուլիսի 27-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքն է` ազգությամբ թուրք քաղաքացու մահը:
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի` Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 62/23 հասցեում գործող «Ուրբան լոջիսթիք սերվիսիս» ընկերության բակում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում Iveco մակնիշի թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի մոտ հայտնաբերել էին տղամարդու դի։