Հայաստանում հանրային գիտակցությունը դանդաղ, բայց հետևողականորեն փոխվում է. ավելի մեծ թվով մարդիկ են հասկանում և դրականորեն արտահայտվում Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության մասին: Փոխվում է նաև Հայ առաքելական եկեղեցու սպասավորների վերաբերմունքը:
Չնայած Գերագույն հոգևոր խորհուրդը բացասական տեսակետ էր արտահայտել արձանի կառուցման նախաձեռնությանը, սակայն ավելի ու ավելի մեծ թվով հոգևորականներ են հրապարակայնորեն դրական արտահայտվում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնության մասին:
Դրական են արտահայտվում այնպիսի հոգևորականներ, ովքեր նախկինում բացասական վերաբերմունք են ունեցել: Գերագույն հոգևոր խորհրդի դիրքորոշումը ևս դոգմա չէ և համոզված ենք, որ այն ևս փոխվելու է, որովհետև չի կարող հայ ժողովուրդը, Հայ առաքելական եկեղեցու հետևորդների ճնշող մեծամասնությունը մի դիրքորոշում ունենալ, իսկ եկեղեցին՝ հակադրվել դրան:
Հայ առաքելական եկեղեցու սպասավորները հասկանում են նաև, որ իրենք չեն կարող նույն տեսակետը ունենալ, ինչ արևմտյան նեոլիբերալիստական և ազգակործան արժեքներ քարոզողները, չեն կարող նույն ձևով արտահայտվել, ինչպես սորոսականները, չեն կարող Հիսուս Քրիստոսի արձանի դեմ պայքարել աղանդավորների և աստվածուրացների հետ:
Հայ առաքելական եկեղեցու սպասավորները հասկանում և գիտակցում են, որ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման դեմ արշավը որոշ ուժեր վերածել են հակաքրիստոնեական արշավի, արշավի՝ ընդդեմ քրիստոնեությանը:
Հայ առաքելական եկեղեցու նախնական վերաբերմունքը հիմնվում էր այն գաղափարի վրա, որ այն դեմ է եկեղեցու ավանդույթներին: Իսկ ով է ասել, որ եկեղեցին չի կարող փոփել իր ավանդույթները, չի կարող նոր ավանդույթներ ձևավորել՝ ելնելով ժամանակի պահանջներից և հնարավորություններից: Հազար կամ նույնիսկ հարյուր տարի առաջ անհնար էր պատկերացնել նման արձանի կառուցումը, որովհետև այն տեխնիկապես անհնար էր:
Նախկինում հայ ծխական քահանաներն էլ էին գյուղից գյուղ էշով կամ ջորիով շրջում և դա ձևավորված ավանդույթ էր: Բայց այդ ավանդույթը փոխվեց, երբ ի հայտ եկան մեքենաները:
Շնորհիվ նոր տեխնոլոգիաների և Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորման, հիմա հնարավոր է կանգնեցնել գուցե աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանը: Որևէ մեկը, այդ թվում եկեղեցին չի ասում, որ հայ մարդը, հայ հավատացյալը պետք է Հիսուս Քրիստոսի արձանը դարձնի պաշտամունքի առարկա, մոռանալով ուսմունքի մասին: Հիսուս Քրիստոսի արձանը ընդամենը լինելու է մեր ժողովրդի 1700-ամյա քրիստոնեական ինքնության խորհրդանիշնը:
Մնացածը դատարկ մանիպուլյացիա է, հատուկ մեթոդներով կազմակերպված և ուղղորդված հակաքրիստոնեական արշավ: Արշավ, որի իրական նպատակը ոչ թե Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը խոչընդոտելն է, այլ հայ ազգի ու նրա ազգային-քրիստոենեական ինքնության ոչնչացումը:
ArmLife.am