Search
Close this search box.

Շիրակի պետական համալսարանում աշխատակիցներից մեկը ծեծել է ԲՈՒՀ-ի պրոռեկտորին. ի՞նչ իրավիճակ է ԲՈՒՀ-ում. 168.am

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ մի քանի օր առաջ հերթական խայտառակությունն է տեղի ունեցել համալսարանում:

Լրատվականը գրում է, որ համալսարանի աշխատակիցներից մեկը ծեծել է ԲՈՒՀ-ի պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար Գագիկ Նիկողոսյանին: Պատճառը եղել է ներբուհական աշխատանքային հարաբերությունները երկու պաշտոնյաների միջև: Գագիկ Նիկողոսյանին համալսարանում բնութագրում են, մեղմ ասած, ոչ դրական որակումներով: Համալսարանում գրեթե բոլորը գիտեն, որ հենց նա է կանգնած որոշ մասնագիտությունների փակման հետևում: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքագիտության բաժինը հենց նրա գործուն մասնակցությամբ է փակվել, ռուսաց լեզվի ամբիոնն օտար լեզուների ամբիոնին միացնելը նույնպես նրա նախաձեռնությունն է:

ՇՊՀ լրատվականի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Նիկողոսյանը, աշխատանքային լուրջ կենսագրություն չունենալով, միանգամից նշանակվել է պրոռեկտոր: Ըստ լուրերի՝ վերջինս այդ պաշտոնին նշանակվել է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի միջնորդությամբ, ու սա առաջին ու միակ դեպքը չէ, որ նա խնդիրներ է ունենում բուհ-ի աշխատակիցների հետ:

ՇՊՀ-ից նաև հայտնում են, որ Գագիկ Նիկողոսյանը շատ արտոնյալ է զգում իրեն, կարող է օրերով աշխատանքի չներկայանալ, աշխատանքային ժամերին հիմնականում համալսարանում չէ, անհասկանալի են նրա աշխատանքային գործառույթները, որևէ փաստաթուղթ չի ստորագրում, բայց անգործության համար ստանում է վիթխարի աշխատավարձ:

Ռեկտոր Սերոբյանի նման ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, բայց իրենց մասնագիտության կրթական ծրագիրը տարիներ շարունակ ուսանողներ չունի, ինչը չի խանգարում, որ ռեկտորի հետ միասին օգտվեն նաև ներբուհական դրամաշնորհներից:

«Այս տուրուդմփոցը ևս մեկ ապացույց է, որ ռեկտոր Երվանդ Սերոբյանը չի վերահսկում համալսարանի բարոյահոգեբանական մթնոլորտը, նրա թիմակիցները հաշվի չեն նստում իր հետ, նույն թիմակիցներից շատերը պատերի տակ վատաբանում են Սերոբյանին: Ընդհանրապես բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարում է հենց նույն ռեկտորը՝ համալսարանը բաժանելով յուրայինների ու թշնամիների»,- ասել է 168.am-ի աղբյուրը:

Please enter a valid URL