Search
Close this search box.

ԱՄՆ-ը մտնում է խաղի մեջ ․ Բաքուն գիշերային հրատապ հերքում է արել

Երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի եւ Բաքվի միջև հարաբերությունների հարցը քննարկել է այս երկրների ղեկավարների հետ։

Մասնավորապես, խոսելով Ալիևի հետ, Բլինքենը հաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում ԱՄՆ-ի աջակցությունը։ ԱՄՆ պետքարտուղարը Ալիեւին կոչ է արել ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին։

Ըստ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի, «Պետքարտուղարը նաև վերահաստատել է իր աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա փոխանցել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու համար Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»:

Փաշինյանն իր հերթին վերահաստատել է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ ընդգծելով, որ հայ հասարակությունը աջակցում է այս ընթացքին։

Ըստ Բաքվի հաղորդագրության՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն արդեն ձևավորել է խաղաղ համաձայնագրի նախապատրաստման իր հանձնաժողովի կազմը և ակնկալում է, որ Հայաստանը կանի նույնը։
Միևնույն ժամանակ, Ալիեւի ոչ պաշտոնական խոսափող զլմ-ն գիշերային հրատապ հրապարակման մեջ գրել է, թե «Դիվանագիտական ​​աղբյուրից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ալիևի և Բլինքենի միջև զրույցի ընթացքում Մինսկի խմբի մասին խոսք չի եղել, ինչի կապակցությամբ աղբյուրն անկեղծ տարակուսանք է հայտնել այդ ակնհայտ ապատեղեկատվության կապակցությամբ՝ այն անվանելով անտեղի և նույնիսկ անպատասխանատու»։

Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Բլինկենը հայտարարել է Միացյալ Նահանգների պատրաստակամության մասին՝ աջակցելու բոլոր հարցերի լուծմանը որպես ՄԽ համանախագահ՝ համագործակցելով «համախոհ գործընկերների հետ»։ Այսինքն՝ ԱՄՆ-ն պատրաստ չէ աշխատել «ոչ համախոհների» հետ։ Ըստ ամենայնի, հենց դա է անհանգստացրել Բաքվին, որի համախոհ Մոսկվան Արցախի քաղաքական կարգավորման, կարգավիճակի բացառման, միջանցքների բացման երաշխավորն է։

Պետքարտուղարը ողջունել է նաև այս տարվա հուլիսի 11-ին Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը և պատրաստակամություն հայտնել նպաստելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։

Թուրքիան լրջորեն է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, նույն օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք ասել ենք, որ եթե Ադրբեջանի խնդիրները լուծվեն, մենք դռները կբացենք, բայց խոսքերից զատ, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կոնկրետ քայլեր կձեռնարկի, մենք լուրջ ենք վերաբերվում կարգավորման խնդրին», ասել է նա։

Դատելով կողմերի տեղեկատվության շեշտադրումներից՝ ԱՄՆ-ն, առաջարկելով իր օգնությունն ու ազդեցությունը, զգուշացնում է տարածաշրջանի երկրներին չհամագործակցել այն երկրների հետ, որոնք համախոհ չեն, նկատի ունենալով առաջին հերթին Ռուսաստանին։ Խոսելով Բաքվի հետ ԵՄ միջնորդության մասին՝ Պետդեպարտամենտը ակնարկում է ռուս-թուրքական «սեպարատ» կարգավորման անընդունելիությունը։

ԱՄՆ-ի ակտիվությունը հուշում է, որ «սեպարատ կարգավորումը» հասել է մի կետի, որտեղ հնարավոր են կտրուկ փոխակերպումներ տարածաշրջանում։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի համաձայնությամբ ռուս-թուրքական հաղորդակցությունների բացման մասին է։ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հայ հասարակությունը պաշտպանում է իր «խաղաղության օրակարգը», Հայաստանի կառավարության հավատարմությունն է ռուս-թուրքական պայմանավորվածությունները։

Lragir.am

Please enter a valid URL