Search
Close this search box.

«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի գործը կգնա Հակակոռուպցիոն դատարան. նոր մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չքննվի: Հնարավոր է՝ դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթից գործի քննությունը տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան, եւ քննությունը շարունակվի նոր դատարանում: Այս հարցը քննարկվում է դատական համակարգում, եւ տեղափոխման հարցն էլ առաջ է քաշվել Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո։

Չի բացառվում, որ դատավոր Մանվել Շահվերդյանի՝ դատական նիստերը ուշ-ուշ նշանակելու եւ տարբեր պատճառաբանություններով նիստերը հետաձգելու գործելաոճը հենց այդ հանգամանքով էր պայմանավորված: Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով հունիսի 27-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ:

Դրանից հետո ակնկալվում էր, որ հաջորդ դատական նիստը պետք է նշանակվեր ամենասեղմ ժամկետներում, մինչդեռ պարզվեց, որ դատավոր Մ. Շահվերդյանը այս անգամ էլ մեկնել է ամենամյա արձակուրդ, հաջորդ դատական նիստն էլ նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 8-ին, այսինքն՝ կայացած նախորդ դատական նիստից շուրջ 2 ամիս հետո: Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատական նիստերը մեկնարկել են հունվարից, եւ անցած 6 ամիսների ընթացքում այս գործով «ամբողջական եւ նորմալ» դատական նիստ չի անցկացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL