«Իրավունք» օրաթերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին, ինչքան էլ որ խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում:
Այնուամենայնիվ, եթե իշխանություններն այսքանը գիտեն, առավել եւս, եթե այդ մասին արդեն նաեւ հրապարակավ են արտահայտվում, հարց է ծագում՝ ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը ճաղերի հետեւում չէ: Չէ՞ որ հակառակ դեպքում ամեն մեկս իրավասու կլինենք մտածել, որ կամ սա իշխանական հերթական սուտն է, որով փորձում են պատերազմական մեղքերը փաթաթել ԳՇ նախկին պետի վզին, կա՛մ էլ, որ ճշմարտություն է, սակայն ամենավերին ատյաններից հովանավորում են Գասպարյանին՝ նրան բանտ չտանելով: Վերջապես, որ վախենում են, որ եթե նման մեղք գործած Գասպարյանին կալանավորեն, նա շատ բան կպատմի: Ամեն դեպ քում, բուն փաստը սա է. Գասպարյանին հրապարակավ մեղադրել են, սակայն նրան չեն բանտարկել: Ուրեմն ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով նկատեց.
— Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո թե՛ Օնիկ Գասպարյանը, թե՛ մյուս պատասխանատուները, ովքեր այս կամ այն ձեւով ազդել են պարտության վրա, կանգնելու են օրենքի առաջ:
— Երկու տարի է, որ նույն բանն եք ասում:
— Ճիշտ եք՝ երկու տարին շուտով կլրանա, բայց մենք չենք շտապում մարդկային ճակատագրերի հետ խաղալ, դրա համար ավելի լավ է մի փոքր ուշ, բայց հստակ, օրենքի ողջ խստությամբ պատիժների ենթարկվեն պատերազմի նման ելքը «ապահովելու» համար:
— Պարոն Աղազարյան, թշնամին շարունակում է իր ծավալապաշտական ախորժակին հագուրդ տալ, այս պայմաններում որքանո՞վ է ռեալ խաղաղության օրակարգը:
— Խաղաղության օրակարգի ճանապարհով գնալը չի նշանակում աչքաթող անել, հաշվի չառնել մեր հանդեպ թշնամաբար մոտեցող մեր հարեւանների նկրտումները: Մենք պետք է գնանք խաղաղության օրակարգով, ամեն ինչ անենք հասնելու խաղաղության օրակարգի մեկնարկին, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր հարեւանների թշնամական տրամադրությունները: Դրա համար մենք խաղաղության օրակարգին զուգահեռ ամրապնդում ենք մեր պաշտպանությունը բոլոր ասպեկտներով:
— Իսկ ի՞նչ է սպասվում Արցախին:
— Արցախի ճակատագիրը տեսնում եմ ինքնորոշման իրավունքի պայքարով լցված, մենք ամեն ինչ անում ենք սատարելու Արցախի մեր հայրենակիցներին: Թե այդ պայքարի ճանապարհին որտեղ եւ ինչպիսի հանգրվանի կհասնենք, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, այն մասը, որն այսօր հայկական է, մնալու է այդպիսին, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հադրութի կորցրած տարածքներն էլ վերականգնենք:
— Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալը օրերս նշանակվեց ԳՇ պետ: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:
— Մենք բոլորին հնարավորություն ենք տալիս: Ինչ վերաբերվում է անձամբ պարոն Ասրյանին, ապա ես վստահ եմ, որ նա եւ մյուս գեներալները պարզապես ենթարկվել են այդ պահին իրենց ղեկավարությանը: Այնպես չի, որ անդառնալի սխալ են թույլ տվել, պարզապես նրանք դարձել են իրադրության պատանդը:
— Չե՞ք վախենում, որ նորից կարող են դառնալ «իրադրության զոհ»:
— Ես չեմ կարծում, պարոն Ասրյանը հայրենասեր, պատրաստված ռազմական գործիչ եւ նվիրյալ հայ մարդ է:
— Պարոն Աղազարյան, մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԿԸՀ նախագահի հավանական թեկնածուն Վահագն Հովակիմյանն է:
— Նման քննարկումներ մեզ մոտ չկան դեռ, բայց եթե նման ցանկություն ունենա պարոն Հովակիմյանը, եւ մեր քաղաքական թիմն էլ համարի դա ճիշտ, ապա ես ինքս դեմ չեմ լինի: Որովհետեւ Վահագն Հովակիմյանին վերաբերվում եմ որպես լուրջ պրոֆեսիոնալի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։