Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում 24-ամյա Հայկ Հարությունյանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի վարչական տարածքում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ, իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վիրավորներից մեկին առաջինը օգնության են հասել «Գետափ» ռեստորանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ով տեղափոխվել է «Դիլիջան» ԲԿ, հետո արդեն՝ ժամանած Դիլիջանի փրկարարները, ովքեր վիրավորներից 26-ամյա Սևակ Անանյանին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։
Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։