Search
Close this search box.

Ինչու Ռուսաստանը չի հակադարձում «Ադրբեջանի հակառուսական քայլերին»․ Ալիեւի բացահայտումը

Ռուսանպաստ մեդիա-փորձագիտական հանրույթը Հայաստանում Բաքվի «հակառուսական» հայտարարություններին ու քայլերին արձագանքում է հույսով, որ ուր որ է ռուսները պատժելու են։ Շատերն էլ սրտնեղում են, թե արդյոք Մոսկվան չի տեսնում այդ ամենը, չի հակադարձում, իսկ շատ դեպքերում էլ արդարացնում է։

Այս միտումները հատկապես նկատելի են Արցախում ռուս խաղաղապահների շուրջ քննարկումներում, որոնք թեժացան Ալիեւի վերջին հայտարարությունից հետո, որում նա ռուսներից պահանջեց կատարել հայկական կազմավորումները դուրս բերելու խոստումը, հակառակ պարագային դնելով խաղաղապահների ներկայության հարցը։ Նա բացահայտեց մի տեղեկություն, ըստ որի՝ ռուս զինվորականները Բաքվում հանդիպմանը նման խոստում են տվել։ Թե երբ է եղել այդ հանդիպումը, նա չի մանրամասնել, սակայն պաշտոնական հաղորդագրություններից հայտնի է, որ նման մի հանդիպում եղել է Փառուխի իրադարձություններից մի քանի օր առաջ։

Փառուխում ռուս զինվորականների աջակցությամբ Բաքուն գրավել էր գյուղը եւ Քարագլխի բարձունքի մի մասը, սակայն Արցախի ՊԲ լուրջ դիմադրությունը եւ Փառուխի շուրջ միջազգային աղմուկը, հատկապես ԱՄՆ-ի զգուշացումը ռուսներին ստիպեց «սառեցնել» իրավիճակը։ Փառուխի ոճրագործությունը նույնիսկ հայերի համար հասկանալի էր դարձրել հայկական հողերի գողության ռուս-թուրքական մեխանիզմը։

Արդյոք դրանից հետո էլ է Բաքվում հանդիպում եղել ռուս զինվորականների հետ։ Ալիեւի հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունը Բաքվին երաշխիքներ տվեց, որ Հայաստանից այլեւս զինակոչիկներ չեն ուղարկվելու Արցախ, իսկ ռուսական մամուլում վերջին շրջանում քննարկվում է ռուսական կոնտինգենտը Արցախից դուրս բերելու հավանականությունը։ Կոմերսանտը օրինակ գրել է, թե ինչու են հայերը շինարարություն անում Արցախում, քանի որ ռուս խաղաղապահների հեռանալուց հետո հայերն էլ են ստիպված հեռանալու։ Նույն միտքը կրկնում են Ռեգնումի հեղինակները, հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, թուրքագետ Նադեին-Ռաեւսկին եւ այլն։

Այդ քննարկումները պատահական չեն եւ կապված են Ռուսաստանի ներկայիս ներքին ու արտաքին կացության հետ։ Իր հերթին, ռուս մեկ այլ փորձագետ՝ Ստանիսլավ Տարասովը, Բաքվին խորհուրդ էր տալիս կտրուկ քայլերի չգնալ եւ հանգիստ սպասել Արցախի «ընդունման-հանձնմանը»։

Արցախի խնդրի կարգավորման տասնամյակների բանակցություններում առանցքային է եղել խաղաղապահների հարցը։ Ռուսաստանը դեմ է եղել միջազգային խաղաղապահների ներկայությանը։ Սակայն սեփական զորքի մուտքը Արցախ հնարավոր էր միայն պատերազմի եւ պատերազմում Բաքվի երաշխավորված հաղթանակի դեպքում։ Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ 2020-ի ռազմական արշավը լուծեց այդ հարցը։ Լուծման այլ տարբերակների պարագային ռուսական զորքի մուտքը բացառվում էր, այստեղից էլ՝ Մինսկի խմբի չեզոքացման քաղաքականությունը։

Սա ձեռնտու է նաեւ Բաքվին, քանի որ բացառում է Արցախի որեւէ սուբյեկտությունը, եւ դա նույնպես ռուսական զորքի ներկայության պայմաններից է։ Ավելին, ռուսական զորքի ներկայությունը դրա երաշխիքն է։ Բաքվի «հակառուսական» հայտարարությունները այսպես ասած պրոֆիլակտիկ հիշեցումներ են, խորքում՝ հայերին ռուս խաղաղապահներին ամուր կապելու քարոզչական հնարք, ինչն ամրապնդում են վերոհիշյալ ռուս հեղինակները՝ եթե խաղաղապահները հեռանան, հայեր չեն մնա Արցախում։

Մոսկվան ու Բաքուն կապված են լայն պայմանավորվածություններով, որոնք չեն սահմանափակվում միայն Արցախով։ Բաքուն պատրաստվում է եւ արդեն ստանձնել է պատժամիջոցների ու մեկուսացման պայմաններում Ռուսաստանի «գորշ սխեմաների» ապահովման դերը։ Հայերին ու հայկական տարածքները «փրկելու» եւ թուրքերին հանձնելու ռուսական դարավոր քաղաքականությունը շարունակվում է՝ միայն թե ուրիշները չլինեն։ Արցախի «ընդունում-հանձնումը» այդ տրամաբանության մեջ է։

Կա երկու հանգամանք, որոնց պարագայում այս սխեման կարող է կոտրվել։ Սակայն աշխարհին ռուսական փրկչության ու արեւմտյան դավադրության պրիմիտիվ պրիզմայով նայող ու նողկալի բանավեճերում խրված հայ մեդիա-քաղաքական դաշտի պայմաններում դրանց մասին խոսելն իսկ ավելորդ է։ Նշենք միայն, որ 1980-ականների վերջին ու 1990-ականների սկզբին երկու կոլցոներում հայերին «փրկած» ռուսական զորքի հեռանալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Հիմա կա՞ն այդ նախադրյալները, կա՞ն այն մարդիկ, ովքեր հասկանում էին, թե ինչ է պետք անել։

Lragir.am

Please enter a valid URL