Մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դաշտ նետեց պատերազմի օրերին «Իսկանդերի» կիրառման թեման, թե «Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել»:
Մի քանի լրատվամիջոցումմի քանի օր խոսեցին, քննարկեցին և լռեցին, առանձնապես մեծ հնչեղություն իշխանությունները թեմային չհաղորդեցին:
Գուցե, ինչպես 168.am-ի հետ զրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն է ասել, նպատակը ընդամենը սա՞ էր՝«երևի էդ ձևով մեզ ինչ-որ բա՞ն են ուզում ասել»:Ժամանակը ցույց կտա:
Իսկ այս լռությունը, թերևս, ժամանակավորէ, ի վերջո, գեներալներն ԱԺ քննիչ հանձնաժողով չեն հրավիրվել:
Այս համատեքստում, ըստ էության, տեղին կլինի Անդրանիկ Քոչարյանին հիշեցնել 2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցը,որի ժամանակ հարցին՝ ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը՝ Անդրանիկ Քոչարյանը կոշտ պատասխանել էր .
«Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:
Այսինքն, «Իսկանդերի» կիրառման ժամանակի որոշողը Նիկոլ Փաշինյանն է եղել նաև, ինչը բնական է, այլ կերպ ասած՝ որոշողը միայն բանակի ղեկավարությունը չէ:
Հիշեցնենք, որ պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին,Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պաշտպանության նախարարություն և հանդիպել ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին, որին մասնակցել է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերն ու համարժեք գործողությունները:
Իսկ Անդրանիկ Քոչարյանի՝ վերը նշված ճեպազրույցի օրը՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին,Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է հայկական Զինված ուժերի կողմից հակառակորդին համաչափ հակահարված հասցնելուն միտված գործողությունները:
Նույն օրը ՊԲ բանակի մարտական կառավարման կենտրոն էին այցելել Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ի դեպ, 2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ իր ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը, բացի այն, որ այդ պահին նպատակահարմար չէր գտել «Իսկանդերի» կիրառումը, վստահեցրել էր, որ հարավային ուղղությամբ որոշակի հաջողություններ ենք արձանագրել, այդ թվում՝ Ջրականի, չնայած որ այս հատվածում ունեցել ենք դիրքային լուրջ կորուստներ:
«Այս պահին դիրքային կորուստների խնդիրը չէ, այլ ճիշտ ռազմավարություն իրականություն դարձնելը, ինչը տեսնում ենք ամեն օր»,-շարունակել էր Անդրանիկ Քոչարյանը:
Հետաքրքիր է՝ այս դեպքում ինչպե՞ս հասկանալ այս պնդումից մի քանի օր հետո՝ 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջարկը՝ կանգնեցնել պատերազմը: Գուցե պատճառը ո՞չ միայն ռազմական էր, այլ աշխարհաքաղաքակա՞ն՝ հարևան, ոչ հարևան երկրների աջակցության բացակայությո՞ւնը, տրամադրվածությո՞ւնը: Հնարավոր է:
ԱԽ կողմից տարածված ԱԽ-ի՝ 30.09.2021թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներից այս պատճառն ակնհայտ չի երևում:
Իսկ հրապարակման համար ընտրված հատվածներում գեներալ Գասպարյանն ասում է.
«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել …», հավելելով՝
« …Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք…»: Եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
Հայերեն մի քիչ լավ իմացողները կփաստեն, որ «ամեն դեպքում»-ից առաջ տվյալ դեպքում պետք է, որ խնդիրների, բարդ իրավիճակի կամ, այսպես ասած, հակադիր իրավիճակի մասին խոսք լինի, որից հետո Օնիկ Գասպարյանն ասեր՝ «ամեն դեպքում, զորքերը իրենց խնդիրը կատարում են…»:
Այս մասին ողջ ճշմարտությունը չենք իմանա, մինչև ամբողջությամբ ԱԽ այդ օրվա նիստի ձայնագրությունը չհրապարակվի, կամ՝ Օնիկ Գասպարյանն արդեն ասածին նոր բան չավելացնի:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սկզբում «Ազատությանը» տված հարցազրույցում չէր հերքել Օնիկ Գասպարյանի պնդումը, հետո արդեն, կոպիտ ասած, խոսքից հետ կանգնեց:
Վերադառնալով «Իսկանդերի» կիրառման ձախողված կամ չհաջողված պլանին, նշենք, որ փորձագետները պատերազմից հետո նշել էին այն բոլոր թիրախները, որոնցկարող էինք հարվածել «Իսկանդերի» գործադրմամբ։
Մասնավորապես, «Ռազմինֆո» կայքը առանձնացրել էր հետևյալները.
Թիրախ 1 . Սանղաչալի տերմինալ
Թիրախ 2. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ
Թիրախ 3․ Եվլախի ենթակառուցվածքները
Թիրախ 4. Գյանջայի օդանավակայան
Թիրախ 5. Հաջիղաբուլի զինապահեստ
Անդրանիկ Քոչարյանը, որը ձախողված է որակում Օնիկ Գասպարյանի՝ «Իսկանդերի» կիրառման պլանը և հայտարարում, որ տվյալ սպառազինությունը նախատեսված էր լրիվ այլ հարվածային գործողության և այլ թիրախների համար, իսկ պատերազմի ժամանակ այլ թիրախներ են ընտրվել շատ անհասկանալի վայրում և անհասկանալի հեռավորության վրա, արդյո՞ք նկատի ուներ վերևում հիշատակված թիրախները, որը թուլացնելու էր թշնամու ռազմական կարողությունները, և հնարավոր է՝ փոխեր պատերազմի ելքը, թե՞ Անդրանիկ Քոչարյանը նման հայտարարություն, ինչպես նշեցինք, անում է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության միայն, հատկապես,երբ որոշ զինվորականների դիտարկմամբ, նա ռազմական գործի առումով բավարար մակարդակի գիտելիքներ չունի, ըստ այդմ՝ իրավունք՝ նման գնահատականներ տալու: Այսպիսի կարծիք հայտնել են ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
Ժամանակին Անդրանիկ Քոչարյանի հասցեին նման բան էր ասել անգամ Պաշտպանության նախարարությունը, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:
Մասնավորապես Քոչարյանին հիշեցրել էին, որ ՀՀ-ն չունի ռազմաօդային ուժեր, ինչպես նա կարծում է:
«ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին, և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում։
Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Մասնավորապես, պրն Քոչարյանն ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։
Ըստ էության, պաշտոնյան, որը պետք է առնվազն քաջատեղյակ լինի երկրի պաշտպանության հետ կապված կարևորագույն խնդիրներին, չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների։ Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է։ Ավելին. հատուկ պարոն Քոչարյանի համար նշենք, որ ԶՈՒ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը։
Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում՝ նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ»,-նշված էր 2020-ի նոյեմբերին տարածված ՊՆ հայտարարության մեջ:
Հավելենք, որ Գագիկ Ասլանյանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետի պաշտոնում նշանակվել է Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2019 թվականին, և դեռ այդ պաշտոնին է:
168.am