ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Զինվորական քննչական գլխավոր վարչության եզրակացությունը 2021-ի օգոստոսի 19-ին Սյունիքի մարզի առաջնագծում 3 զինծառայողների սպանության վերաբերյալ։
Տարածված հայտարարությունը կարդալիս հերթական անգամ հասկանում ես, որ հետևողականորեն փորձում են փչացնել հայկական բանակի դրական համբավը, դարձնել ծաղրի առարկա, պայմաններ ստեղծել, որ հայ ծնողն իր զավակին ամեն գնով ազատի բանակից։
Քննիչները հպարտորեն գրում են, թե իրենք բացահայտել են՝ 2 զինվոր միասեռական կապ են ունեցել, նրանց տեսել են մյուս 3 զինվորները, ու որպեսզի այդ այլասերվածությունը չտարածվի, որոշել են սպանել համածառայակիցներին։
Հարցի մի կողմն է, թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը։ Բայց եթե նույնիսկ իրականում այդպես եղել է, ուզում ես 7 հարկանի հայհոյանք տալ քննչական մարմինների տվյալ ներկայացուցիչներին։
Դուք ամեն տեսակի հանցանք ծածկում եք, քառասուն գոմշի կաշի քաշում վրան, եթե ձեզ ձեռնտու չի այդ տեղեկության հանրայնացվելը, այդ ինչո՞ւ որոշեցիք այդպես լայնորեն լուսաբանել հայկական բանակում տեղի ունեցած այլանդակության մեկ դեպքը։ Ձեզ հաճելի՞ է բանակի վարկաբեկումը, թե՞ նախապայմաններ եք ստեղծում, որ թշնամին ծաղրի հայոց բանակի զինվորին։
Ադրբեջանցիները, որոնք բանակում պարտադիր պայման են սարքել տարբեր այլասերությունները, հիմա պիտի իրենց մատի փաթաթան սարքեն ու ծաղրեն հայ զինվորին, դա՞ է հայկական պետության հարգանքը սեփական բանակի նկատմամբ։
Գոնե մեկ անգամ տեսե՞լ եք, թե իրար մոտ առաջնագծի հատվածներում թշնամու զինվորներն ինչ բառերով են դիմում հայ դիրքապահներին։ Դե հիմա պատրաստ եղեք, որ ձեր հրապարակած այլանդակ տեղեկությունը թշնամիները ամեն օր տարածելու են իրենց լրատվամիջոցներով ու ամեն օր այդ մասին վայրահաչելով գոռգոռալու են իրենց դիրքերից՝ հոգեբանական ճնշման ենթարկելով հայ օրինավոր զինվորին։
Ասենք դժվա՞ր էր ուղղակի որևէ հրապարակում չանել ու դատն այնպես կազմակերպել, որ հանրության մեջ լայնորեն չտարածվեր այդ զզվելի տեղեկությունը։ Գոնե հասկանում ե՞ք, թե հանցագործության ու միասեռականության մեջ մեղադրվող երկու զինվորների ընտանիքներին ինչպիսի հոգեկան ցավ եք պատճառում, դարձնում ծաղրի առարկա։
Մարդին ինչքան էլ փչացած ու ծախված լինեն, գոնե հայկական բանակի հեղինակության հետ այսպես չպետք է խաղան։ Չի կարելի, մի քիչ ազգային ու պետական մտածողություն ունեցեք։ Թշնամու բանակը չի, որ այդպես հոշոտում եք, հայկական ազգային բանակն է, որը վաղվա պատերազմում էլի ձեզ է պաշտպանելու։
Նաիրի Հոխիկյան