Search
Close this search box.

Ով է պահելու Սյունիքը և ուր պետք է ուղղել ուժը

Հայաստանի հանրությունը, հասարակական-քաղաքական դերակատարները շարունակում են աշխուժորեն քննարկել Իրանի հոգևոր առաջնորդի՝ Պուտինի, նաև Էրդողանի հետ հանդիպումներում հայ-իրանական սահմանի առնչությամբ ասված խոսքերը: Ինչպես հայտնի է, Ալի Խամենեին նրանց հետ հանդիպումներում խոսել էր հայ-իրանական սահմանի փակման, կամ արգելափակման անթույլատրելիության մասին: Այդ հայտարարությունը հերթական անգամ հիմք է տվել հայ հանրությանը քննարկել, թե Իրանն ինչի՞ է պատրաստ այդ անթույլատրելին կամ իր համար կարմիր գիծը պահելու համար:

Ոմանք համոզված են, որ Իրանն է մեր միակ հույսն ու Սյունիքի փրկիչը, իսկ ոմանք շտապում են հասարակությանը հավաստիացնել, որ պետք չէ տրվել էմոցիաների և ունենալ պատրանքներ:

Այն, որ հայ-իրանական սահմանը Թեհրանի համար ունի կարևոր նշանակություն մի շարք առումներով, անկասկած է և հստակ, անգամ առանց Իրանի պաշտոնյաների կամ հոգևոր առաջնորդի հայտարարությունների: Ամբողջ հարցն այն է, թե Իրանը որքանով է ունակ քաղաքական-դիվանագիտական լծակներով ապահովել իր այդ կարմիր գիծը և դրանով օժանդակել Հայաստանին: Որովհետև մտածել, թե Իրանը պատրաստ է ընդհուպ ռազմական ճաապարհով պահել այդ գիծը, թերևս մոլորություն է, վտանգավոր ինքնախաբեություն:

Ըստ այդմ, Հայաստանի հանրության համար բացարձակ անիմաստ և ավելորդ զբաղմունք է քննարկումը, թե արդյո՞ք Իրանը կպահի, կփրկի: Ինչպես որ անիմաստ է որևէ այլ սուբյեկտի վերաբերյալ այդպիսի քննարկում: Հայաստանն ու մեկ գերխնդիր՝ հաշվել այդ կապակցությամբ Իրանի շահերը, համադրել այլ սուբյեկտների շահերի հետ, հաշվել կամ չափել Իրանի համար այլ կարևոր ուղղություններով այդ երկրի շահերի հետ, հասկանալու համար, թե Հայաստանը իր շահերը և իր կարմիր գծերը պաշտպանելու հարցում աջակցության ինչպիսի հավանականություն ունի իրական ռեժիմում:

Որովհետև զուտ պահելու կամ փրկելու իմաստով, Հայաստանի հույսը կարող է լինել մեկը՝ Հայաստան-հայություն: Ընդ որում, դա անելու տարբերակն էլ ոչ թե խրոխտ հայտարարություններն են, լինի Սյունիքի, թե ինքնիշխանության մասին ընդհանրապես, այլ Սյունիքի կյանքը հայկական թելերով առավելագույնը պատելն ու բազմապատկելը, իհարկե զուգահեռ փորձելով նաև ավելացնել այլ թելեր՝ իրանական, ռուսական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, եվրոպական, արաբական: Սակայն այդ ամենի առանցքում պետք է լինեն ամուր հայկական հյուսվածքները, որոնք կվերաբերեն ամենատարբեր ոլորտների:

Քննարկումները, մտավոր և ֆիզիկական ուժն ու էներգիան պետք է ուղղվի այդ հարցի շուրջ քննարկումների ու լուծումների, այլ ոչ թե որևէ արտաքին ուժի իրական, թե մտացածին «փրկիչ» լինել-չլինելու մասին խոսակցությունների և հաճախ անգամ տիեզերական մասշտաբի, սակայն գործնականում զավեշտալի բնույթի դատողությունների:

1in.am

Please enter a valid URL