Search
Close this search box.

Իշխանությունները խոչընդոտում են Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին առնչվող ընդդիմության նախաձեռնություններին․ Մամիջանյան

Իշխանությունները խոչընդոտում են հայ ռազմագերիների հարցով մեր նախաձեռնություններին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր, որ պաշտոնական նամակով կդիմի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։ Սակայն Հայաստանի ԱԺ-ն հրաժարվել էր Մամիջանյանի նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին:

Հայկ Մամիջանյանը նշել է, որ ԱԺ-ից պարզաբանել են, որ դիվանագիտական հարաբերություններ չունենք Ադրբեջանի հետ, այդ իսկ պատճառով նամակը չեն ուղարկել. «Բնականաբար, ես դրա մասին տեղյակ էի, խոսք գնում էր դիվանագիտական խողովակների միջոցով նամակ ուղարկելու մասին, ինչը չարեցին։ Փաստենք, որ իշխանությունները խոչընդոտում են գերիների հարցով նախաձեռնություններին, ամեն պատեհ-անպատեհ կապ օգտագործում են Ադրբեջանի հետ, բայց գերիների հարցով չեն ցանկանում»,-ասել է Մամիջանյանը:

Նրա փոխանցմամբ՝ այսօր ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ, որի ընթացքում նույնպես քննարկել են հայ ռազմագերիների հարցը, արցախյան հակամարտության, Արցախի կարգավիճակի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցեր. «Խոսել ենք Արցախի ինքնորոշման և բանակցային առկա իրավիճակի մասին, մի փոքր ժամանակ էլ հատկացրել ենք ներքաղաքական խնդիրներին, քաղբանտարկյալներին, ոստիկանության բռնություններին, հակաժողովրդավարական գործընթացներին»,-ասաց Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ առանձին հանդիպումներ են եղել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ:
Այսօր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը չէր բացառել, որ ընդդիմությունը սեպտեմբերին կվերադառնա խորհրդարան:

Լրատվամիջոցի հարցին, թե արդյո՞ք «Պատիվ ունեմ»-ը նման հարց քննարկե՞լ է. «Պրն Սաղաթելյանը ասել է այն, ինչ ասել է հանրահավաքի հարթակից, դրան որևէ ավելացնելու բան չունեմ։ Հայտարարություն եղել է, որ եթե կվերադառնանք, ապա միայն մեր օրակարգով և դրան հետ մենք համաձայն ենք»,-ասել է պատգամավորը:

Please enter a valid URL