Սարի թաղի բնակիչ, 50 տարեկան Արմեն Մնացականյանը մոտ 60 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո, հունիսի 28-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, գրել է forrights.am-ը։
Մահվան վկայականում բժիշկները գրել են՝ «երկրկողմանի թոքաբորբ»: Մնացականյանի երկարատև հացադուլի մասին հայտնի է դարձել միայն նրա մահվանից հետո։
Ըստ Forrights-ի, դատապարտյալը հացադուլ է հայտարարել ազատազրկման առաջին իսկ օրվանից ՝ ապրիլի 7-ից, երբ բերվել է «Արմավիրի» բանտ։ Այդ կերպ նա պայքարում էր դատավճռի դեմ՝ 3 տարվա ազատազրկում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար (ՔՕ 112 հոդված):
2 տարի առաջ Նոր տարվա գիշերը Մնացականյանին մոտեցել է մի հարբած տղամարդ, վիճաբանության մեջ է մտել նրա հետ, հայհոյել է, որից հետո Արմեն Մтացականյանը ձեռքով հարվածել է նրա դեմքին և եղունգ կտրիչ փոքրիկ դանակով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տուժողը դատարանում խոստովանել է, որ հարբած է եղել և չի հիշում դեպքի մանրամասները: Առաջին ատյանի դատարանը Մնացականյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, սակայն, քանի որ առկա է եղել տուժողի հակաօրինական վարքագիծը, պատիժը պայմանականորեն չի կիրառել: Մեղադրող դատախազ Վ. Հարությունյանի վերաքննիչ բողոքից հետո պատիժը փոխվել է, Մնացականյանին ազատազրկել են 3 տարով:
Վերաքննիչ դատարանի որոշման ուժի մեջ մտնելու օրը նրան ձերբակալել են: 30 ոստիկան տուն են եկել և առանց որևէ բացատրություն ներկայացնելու տարել նրան «Արմավիր» ՔԿՀ: