Search
Close this search box.

Անկարան վերահաստատեց նախապայմանները Հայաստանին

Թեհրանում Ռայիսի-Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, որտեղ իրանական կողմը Պուտինի ու Էրդողանի առաջ կրկին բարձրացրել է Հայաստանի հետ սահմանի փոփոխության անթույլատրելիության հարցը, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն թուրքական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «պարզություն է մտցրել» իրավիճակում։

Խոսելով «ՀՀ եւ «Ադրբեջանի» միջեւ սահմանային համատեղ հանձնաժողովի, Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու «Զանգեզուրի նախագծի» հետ կապված հարցերի» մասին, թուրք նախարարն ասել է, որ Հայաստանի կողմից կոնկրետ քայլեր դեռևս չեն տեսել այս հարցերում:

Չավուշօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացում ընդգծել է «Ադրբեջանի» կարևորությունը՝ ասելով, որ թեև հայ-թուրքական գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ համակարգում են Բաքվի հետ: «Դա իրողություն է՝ անկախ նրանից, թե հայաստանցիների դուրը կգա, թե ոչ. մենք մի ազգ, երկու պետություն ենք», ասել է նա:

Այսպիսով, չնայած հայ եւ թուրք պաշտոնյաների՝ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու վերաբերյալ հայտարարություններին, Չավուշօղլուն իրականում հայտարարում է թուրքական նախապայմանների մասին, որոնք կապված են Բաքվի պահանջների ու շահերի հետ։

Ընդ որում, դրանք թուրքական նախապայմանների ավելի լայն փաթեթի մի մասն են։ Մասնավորապես, ակնարկելով սահմանազատման հայ-թուրքական հանձնաժողովի մասին, թուրքական կողմը դնում է Կարսի 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրի թարմացման հարցը ավելի լայն կիրառմամբ, այդ թվում՝ Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության ճանաչումով։

Թուրք հայտնի գրող եւ հրապարակախոս Թաներ Աքչամն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան դարձել է Բաքվի պատանդը։ Բաքուն թե 2008-ին, թե ներկայում իսկապես կոշտ հռետորաբանություն է կիրառում հայ-թուրքական հարաբերությունների «սեպարատ կարգավորման» հարցում։ Հարաբերությունների կարգավորման նախորդ փորձի ժամանակ, օրինակ, Բաքուն Անկարային մեղադրում էր դավաճանության մեջ, իսկ այն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հայերին հորդորում էր «գոնե 1-2 շրջան վերադարձնել Բաքվին»։ Հայ եւ թուրք հատուկ բանագնացների՝ վերջերս Վիեննայում կայացած հանդիպումից հետո Բաքուն փակել է սահմանը Թուրքիայի հետ։

Թե որքան է այս գործոնը վճռական՝ կարելի է դատել հրապարակային հայտարարություններից։ Բաքվի այս պահվածքի հետեւում անկասկած երեւում են Մոսկվայի ականջները, որին նույնպես ձեռնտու չէ հայ-թուրքական «սեպարատ կարգավորումը»։

Այս իրավիճակը հնարավորությունների ու մանեւրի լայն դաշտ է բացում, այդ թվում՝ սահմանների թնջուկը լայնորեն շահագործելու առումով։ Իհարկե, եթե Երեւանում լիներ համարժեք եւ ինքնիշխան որոշումների ընդունակ իշխանություն։ Դա չկա, իր հերթին՝ խորհրդարանը կազմող «ընդդիմությունը» գործում է ռուսական ծիրում հակաթրքականության կարգախոսի տակ։

Lragir.am

Please enter a valid URL