Search
Close this search box.

Այսօրվա ԱԺ խորհրդի նիստը քաղաքական վրեժխնդրություն է. ես չեմ մասնակցի. Թագուհի Թովմասյան

Այսօրվա ԱԺ խորհրդի նիստը քաղաքական վրեժխնդրություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստ է հրավիրվել՝ ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով: Խորհրդի անդամները արձակուրդից մեկ օրով հետ են գալու՝ քննարկելու այս անընդունելի գործընթացը, ինչու՞, որովհետև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, չնայած ՀՀ ընդդիմադիր քաղաքացիների շահն են սպասարկել, բայց բացակայել են ԱԺ նիստերից ու քվեարկություններից։

Քանի որ այդ ցուցակում բացակայում են թվով 4 ընդդիմադիր պատգամավորների անունները, որոնց մեջ եմ նաև ես, ցանկանում եմ հայտնել հետևյալը.

Լինելով հանրային քաղաքական գործիչ՝ իմ բոլոր քայլերը անում եմ հրապարակային եւ մշտապես անհրաժեշտ եմ համարում հրապարակել կամ առնվազն հանրությանը տեղյակ պահել այն գրությունների մասին, որոնք ուղղում եմ թե՛ ներպետական կառույցներին, թե՛ միջազգային ատյաններին։

Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:

Իսկ օրացուցային կիսամյակը ներառում է տվյալ դեպքում 2022 թվականի հունվարից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը։

Տեղեկացնում եմ, որ պատգամավորական գործունեությանս ողջ ընթացքում ԱԺ նիստերից բացակայելու հարգելի պատճառ ունենալու դեպքում գրավոր դիմել եմ բոլոր ժամանակների ԱԺ նախագահներին՝ ներկայացնելով բացակայությանս պատճառները. Ինչու՞, որովհետև պետական կառույցների նկատմամբ ես նման վերաբերմունք եմ միայն պատկերացնում:

Ազգային ժողովը ինձ համար պետական կարևորագույն ինստիտուտ է, և Ազգային ժողովի նախագահին չեմ դիտարկում միայն որպես Նիկոլ Փաշինյանի կուսակից՝ դրանից բխող վատ հետևանքներով:

Ահա հենց այս պատճառով էլ ինձ մանդատից զրկելու հարց չի առաջացել. ես չեմ հատել բացակայությունների թույլատրելի շեմը:

Բայց չնայած այս իրողությանը`

իմ համոզմամբ ըննդդիմադիր պատգամավորները իրենց ընտրողների պահանջով հանրահավաքային շարժման են մասնակցել խորհրդարանից դուրս՝ պայքարելով հրապարակային դաշտում: Այդ կերպ ևս նրանք իրականացրել են իրենց պաշտոնեական գործառույթները, և չեն կարող քվեարկություններից բացակայությունների հիմքով պատգամավորներին զրկել մանդատից:

Այսօրվա ԱԺ խորհրդի նիստը, իմ խորին համոզմամբ, քաղաքական վրեժխնդրության կոնկրետ դրսևորում է, որը Նիկոլ Փաշինյանը ցուցաբերում է իր հրաժարականը պահանջողների նկատմամբ: Մինչդեռ ընդդիմադիրները հասարակության կոնկրետ զանգվածի

պահանջն են ներկայացրել Փաշինյանին և իր ապիկար իշխանությանը:

Հ․Գ․ Ու թեև ԱԺ խորհրդի անդամ եմ, այնուամենայնիվ նման օրակարգով ԱԺ խորհրդի նիստին, բնականաբար, չեմ մասնակցելու: Սա դեմ է ժողովրդավարական չափանիշներին, իսկ ժողովրդավարությունն անընդհատ գործընթաց է ու պետք է բոլոր իրավիճակներում դեմոկրատիայի սկզբունքները պահպանվեն:

ԱԺ խորհուրդն այսօր կրկին նիստ է հրավիրել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար:

Please enter a valid URL