Search
Close this search box.

Արագածավանում հովիվների եւ նրանց անասունների՝ թուրքերի կողմից գերեվարվելու լուրը կեղծ է. համայնքապետարանի աշխատակից

Արագածավան գյուղում, որը հայ–թուրքական սահմանին է, որեւէ թուրք չի մտել եւ գերի չի վերցրել հովիվներին եւ առգրավել նրանց անասուններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածավանի համայնքապետարանի աշխատակից Մանուկ Խոյեցյանն՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե երեք զինված թուրքեր մտել են գյուղ, գերի վերցրել ութ հովիվների եւ նրանց անասուններին, ապա որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում բաց են թողել անասուններին, հետո հովիվներին։

«Սահմանի ներսում, այսպես ասած՝ չեզոք գոտում, կան գյուղատնտեսական հողեր, որոնք գյուղացիները մշակում են։ Մեր գյուղացիներից մեկը պատահաբար կպել է փշալարին, ազդանշան է միացել, որպեսզի ստուգեն, թե ինչու է ազդանշանը միացել, համայնք մտնող դարպասները փակել են ռուսական եւ հայկական զորքերը։ Էստեղից էլ մյուս գյուղացիական տնտեսությունների մեջ պանիկա է ընկել, թե թուրքեր են անցել, կպել են փշալարերին, գյուղ են մտել»,– ասաց Մանուկ Խոյեցյանը։

Դարպասները բացվել են, երբ պարզել են, որ գյուղացիներից մեկն է կպել փշալարերին։ Արագածավանի համայնքապետարանի աշխատակցի խոսքով՝ գյուղացին խոստովանել է, որ ինքն է կպել փշալարին։

« Դարպասները 6–ին պետք է բացվեին, որ մարդիկ վերադառնային իրենց տները, կամ հոտը, նախիրը դուրս հանեին սահմանի միջից, բայց մոտ 45 րոպե ավել են մնացել։ Այդ ընթացքում էլ սկսել են պանիկայի մեջ ընկել»,– նշեց Արագածավանի համայնքապետարանի աշխատակից Մանուկ Խոյեցյանը։

Նա հավելեց, որ գյուղում այս պահին հանդարտ է, ոստիկաններ չկան։

Արագածոտնի մարզպետարանից եւս հերքել են հովիվների գերի ընկնելու մասին լուրերը։

«Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որեւէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Please enter a valid URL