2022 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1322 նյութ, որոնց հիման վրա հարուցվել են 227 քրեական գործեր։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 138 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 69-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 47-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափելու, 18-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 4-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։
Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 41 քրեական գործ 65 անձանց նկատմամբ, կարճվել է 99-ը, կասեցվել է 54 քրեական գործերի վարույթ, 127 քրեական գործ ուղարկվել է՝ ըստ քննչական ենթակայության, 30 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի, 135 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է:
«Հաշվետու ժամանակահատվածում ավարտված և քննված քրեական գործերով վնասը կազմել է 30.182.306.301 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 27.871.735.394 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 373.356.815 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց՝ 1.937.214.092 ՀՀ դրամ»,- փոխանցում է հաղորդագրությունը։
Նշված վնասից նախաքննության փուլում ընդհանուր վերականգնվել է 12.750.705.965 ՀՀ դրամ գումար, որից պետությանը՝ 12.480.134.748 ՀՀ դրամ, իսկ իրավաբանական անձանց՝ 270.251.217 ՀՀ դրամ։