Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը Հայաստանի Հանրապետության այն բացառիկ կրթօջախներից է, որը, անկախ ամեն ինչից, կարողացել է մշտապես պահպանել կրթության բարձր որակ։ Ֆիզմաթն ունի ինքնատիպ կրթական մոդել և մանկավարժական ուժեղ կոլեկտիվ, որի շնորհիվ դպրոցը հեղինակություն ոնի ոչ միայն մեր հանրապետությունում, այլև միջազգային ասպարեզում։
Կրթօջախի առաքելությունը տարիներ շարունակ եղել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր գաղթօջախների ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորող երեխաների համար բարձրակարգ ուսուցման կազմակերպումը: Դպրոցի սաները ամեն տարի մասնակցում են միջազգային տարբեր օլիմպիադաների ու արժանանում մեդալների։ Հենց սա է դպրոցի և նրա մանկավարժների նվիրված ու սկզբունքային աշխատանքի լավագույն ապացույցը։ Հենց այս տարի՝ մարտին, Մայկոպ քաղաքում կայացած Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադային մասնակցեցին դպրոցի 10-րդ դասարանի 4 աշակերտներ, որոնցից երեքն արժանացան ոսկե մեդալի, մեկը՝ արծաթե: Մինչ այդ՝ հունվարին, Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադայում Ֆիզմաթ դպրոցը արժանացավ է 6 մեդալի՝ 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե։ Հուլիս ամսին էլ Նորվեգիայում և Շվեդիայում (օնլայն) տեղի ունեցած մաթեմատիկայի և ֆիզիկայի օլիմպիադաներում ֆիզմաթի սաները արժանացել են 2 արծաթե և 5 բրոնզե մեդալների: Ընդ որում 2 արծաթ և 1 բրոնզ մեդալ ստացած աշակերտները ֆիզմաթ դպրոցի նույն դասարանի սաներ են, որտեղ մաթեմատիկա է դասավանդում օլիմպիական խմբակի ղեկավար, ՀՀ «Վաստակավոր մանկավարժ» Տիգրան Մարգարյանը, իսկ բրոնզե մեդալի արժանացած թիմի կրտսեր անդամը Արման Սարգսյանի դասարանի սան է:
Բնագիտամաթեմատիկական բնագավառի միջազգային տարբեր օլիմպիադաներում դպրոցի սաները մեծ հաջողությամբ մասնակցում են բերելով ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ՝ արդեն ավանդաբար…
Այս ակնհայտ բարձր ցուցանիշներն են պատճառը, որ շատերն են ձգտում սովորել այս դպրոցում։ Ու ամեն տարի հունիսին՝ ընդունելության ժամանակ, դպրոցի անվան շուրջ կրքեր են բորբոքվում: Սակայն այստեղ սովորել ցանկանում է ավելի շատ աշակերտ, քան դպրոցը կարող է ընդունել։ Ավելի շատ ընդունելու դեպքում էլ ուսուցչական կազմը չի բավարարի: Տարիներով հաստատված անկոտրուն սկզբունք է; դպրոցում անցկացվում է քննություն, որի արդյունքում լավագույններն են ընդունվում դպրոցում սովորելու, ազնիվ մրցակցության արդյունքում, առանց խնամի-բարեկամ զանգերի, առանց բարեխոսությունների, առանց կապերի։ Սա այն բացառիկ վայրերից է, որտեղ չեն գործում ԽԾԲ հարաբերությունները, և ազնիվ մրցակցությունն է հիմնական սկզբունքը։ Չհաջողելու դեպքում սկսվուն են զրպարտություններ, բայց դե՝ կա սկզբունք:
Իհարկե, ֆիզմաթը ֆիզմաթ է նախևառաջ իր մասնագետներով՝ բառիս ամենաուղիղ իմաստով։ Հենց նրանց նվիրական աշխատանքի շնորհիվ է, որ դպրոցը պահպանում է իր վարկանիշը, և սաները շարունակաբար բարձր արդյունքներ են ունենում միջազգային օլիմպիադաներում։ Նրանցից շատերը, հավատարիմ իրենց սկզբունքներին, երբեմն մերժում են աշխատանքի ավելի շահավետ առաջարկները. մնում են դպրոցում: Ի դեպ, դպրոցում գործում են մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաների, ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի հետազոտման տասից ավելի խմբակներ։ Հենց այստեղ են կոփվում ապագա փայլուն օլիմպիականները։
Այդ նպատակով է ստեղծվել «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, որի աջակցության ուղղությունները տարբեր են՝ սկսած բարձրակարգ մասնագետների հավելյալ վարձատրությունից, մինչև ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերում, աշակերտների մասնակցության ապահովում միջազգային օլիմպիադաներում, օլիմպիական խմբակերի ղեկավար-ուսուցիչների վերապատրաստում, ինժեներական, ռոբոտատեխնիկայի և համակարգչային կաբինետների նյութատեխնիկական բազայի բարելավում, ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների, տեղական, արտասահմանյան և միջազգային նույնանման նպատակ հետապնդող կազմակերպությունների և անհատ անձանց հետ համագործակցություն և այլն:
Հիմնական սկզբունքը, որով առաջնորդվել ու առաջնորդվում է դպրոցը ․
«Դպրոցում պետք է առաջին հերթին լինի ուսումնական և կրթական առողջ միջավայր և ազնիվ մրցակցություն», — նշում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկազն Նավասարդյանը:
2020-2021 թվերին կառուցվեց դպրոցի չորրորդ հարկը, որի վերանորոգման աշխատանքները ամբողջովին /22 միլիոն դրամ/ կատարեց հիմնադրամը: Հաջող ընթացքը պահպանելու համար կարևոր է նաև կրթական միջավայրի զարգացումը, լաբորատորիաների կառուցումը, նոր կրթական տեխնոլոգիաների ներդրումը։ Չորրորդ հարկում ստեղծվել են ֆիզիկայի, ինժեներական, ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի հետազոտման լաբորատորիաներ: Բոլոր այս աշխատանքների նպատակը մեկն է՝ աշակերտների համար ստեղծել կրթական ու գիտական ավելի բարենպաստ ու զարգացնող միջավայր։