Տհաճ միջադեպ է տեղի ունեցել երեկ Երևանի «Փյունիկի» և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» միջև որակավորման երկրորդ փուլի խաղից հետո:
Երևանյան ակումբի մի խումբ պատանի երկրպագուներ ներխուժել են Հանրապետական մարզադաշտի խաղադաշտ՝ խախտելով հասարակական կարգը: «Փյունիկի» ղեկավարության և մարզադաշտի անվտանգության աշխատակիցների նյարդերը չեն դիմացել, և իրավիճակը թեժացել է։ Դատելով սոցցանցի մեկնաբանություններից՝ «Փյունիկի» աշխատակիցներից մեկը հարվածել է Հայաստանի չեմպիոնի պատանի երկրպագուներից մեկին։
Ակումբի գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ներողություն խնդրելով թիմի աշխատակիցների պահվածքի համար:
«Քաջ գիտակցում ու կրում եմ ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Նվիրված լինելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին ու մեր երկրին՝ չկարողացա, ինչպես հարկն է, արձագանքել ու թույլ տվեցի զգացմունքներիս կառավարեն ինձ: Ներողություն եմ խնդրում ակումբի հետ կապված բոլոր անձանցից ու փյունիկցիներից, քանի որ այս ակումբը միմիայն հաղթանակների, պատմության ու հարգանքի խորհրդանիշն է»:
Առաքելյանը վերջում խնդրել է տրամադրել երեխայի ծնողների կոնտակտները, որպեսզի կապ հաստատի նրանց հետ ու անձամբ ներողություն խնդրի ծնողներից և տղայից միջադեպի համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» սեփական խաղադաշտում 0:1 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Նրանց պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 26-ին:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 11 հետխաղյա մետրանոցներով 4:3 հաշվով հաղթել է ռումինական «Կլուժին»: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2: