Search
Close this search box.

«Ձիու միսը ծախել են տավարի տեղ, սատկած-թաղած անասունին էլ լվացել, խանութ են բերել»․ ՍԱՏՄ-ի բացահայտումները

Այսօր Շիրակի մարզային իշխանությունների, ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի, էկոնոմիկայի նախարարության, համայնքապետերի, անասնաբույժերի, պատվաստում իրականացնող մասնագետների ներկայությամբ մարզպետարանի դահլիճում մոտ երկու ժամ քննարկվեց անասունների վարակիչ հիվանդությունների կանխարգելման անհրաժեշտությունը։

Շիրակի մարզում տարբեր հիվանդությունների՝ բրուցելոզի, դաբաղի, սիբիրախտի դեմ պատվաստումների թվերը, ըստ Գեորգի Ավետիսյանի, «սարսափելի են»։ Իսկ այդ թվերը մանրամասնորեն՝ համայնք առ համայնք, ներկայացրեց Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը։ Գյումրիում և Ախուրյանում կարելի է ասել ողբերգական պատկեր է։

զրոյական ցուցանիշ է արձանագրվել Գյումրիում՝ սիբիրախտի դեմ պատվաստման։ Ինչպես նկատեց Գեորգի Ավետիսյանը, այս մարզում, թեև սիբիրախտի բռնկման, մարդկանց հիվանդացության դեպքեր են գրանցվել, սակայն սիբիրախտի դեմ պատվաստման նման ցավալի պատկեր կա։ Նմանապես այս տարի բրուցելոզով հիվանդացության 5 դեպք է արձանագրվել, անցած տարի էլ 8 դեպք, սակայն պատվաստման ցուցանիշը շատ ցածր է։

Իսկ դաբաղ հիվանդության հայտնաբերման դեպքում, ըստ ՍԱՏՄ ղեկավարի, պիտի մոռանալ Հայաստանից մսամթերքն արտահանելու մասին։ «Եթե դաբաղ ունեցող երկիր ես, քո արտահանումն ամբողջությամբ փակում են բոլոր երկրները։ Իսկ մենք այսօր շատ լուրջ արտահանում ունենք մանր եղջերավոր կենդանիներին դեպի արաբական երկրներ և խոշոր եղջերավոր կենդանիներին՝ դեպի Իրաք։ Եթե մենք այսպես պիտի վերաբերենք մեր դաբաղի պատվաստումներին, վաղը մյուս օր այդ արտահանում էլ կկանգնի։ Այսինքն՝ անասնատերերը կամ բիզնեսմենները, որոնք վաղը չեն կարողանա այդ գործն անել, ուղիղ գալու են պատվաստում իրականացնող անասնաբույժների մոտ»,- ասաց նա։

Վերջինս նախազգուշացրեց, որ այսուհետ բարի կամք չեն դրսևորի ու կտուգանեն բոլոր անասնատերերին ու անասնաբույժներին, որոնք կհրաժարվեն պատվաստումից։

Նրա տեղեկացմամբ, արդեն երկու անասնատիրոջ տուգանել են, վարչական վարույթ են հարուցել նրանց նկատմամբ։

«Այդ մարդիկ չգիտեն, որ իրենք պատվաստումից հրաժարվելու իրավունք չունեն, չգիտեն, որովհետև իրենց այս մասին ոչ մեկը չի ասել։ Ու այդպես շարունակվելու է, անասնաբույժները չգիտեն, որ իրենց թերացումների համար մենք իրենց էլ ենք տուգանելու։

Շատ դեպքերում չենք կիրառել՝ ասելով այդ մարդիկ սաղ օրը տանջվում են, համարյա փող չեն աշխատում և այլն, բայց ստացվում է մեր բարի դրսևորումները սխալ է ընկալվում, պիտի հանձնարարեմ, որ այլևս որևէ մեկը որևէ ձևով ընդառաջ չգնա»,-ասաց ՍԱՏՄ ղեկավարը։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ այդ հարցը ոչ թե որպես պատժիչ մահակ են օգտագործում, այլ հորդորում են պատասխանատվությամբ վերաբերել, քանի որ անվտանգային հարց է՝ վերաբերում է բնակչության առողջությանն ու կյանքին։ Տարբեր խոշորացված համայնքների անասնաբույժները, նաև որոշ համայնքապետեր ելույթ ունեցան, նշեցին կենդանիների չպատվաստման օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառները, նրանցից ոմանք ասացին, որ անասնագլխաքանակի սխալ թիվ է ներկայացվել։ Շուտով սկսվելու է նաև անասունների համարակալումը։ ՍԱՏՄ ղեկավարը կոչ արեց հակաքարոզ չիրականացնել ո՛չ համարակալման, ո՛չ սպանդանոցների դեմ ու վերահասկել անասունների տեղաշարժը։

Որևէ գյուղացի չպիտի ասի, որ համարակալումը վատ բան է, հակաքարոզ անում են այն մարդիկ, ովքեր որ դրանից փող են աշխատում։ Սպանդանոցների դեմ ովքե՞ր են հակաքարոզ անում, էն դալանները, որոնք սատկած անասուն են ծախում, որոնք ձիու միսը ծախում են տավարի տեղ, 2000-3000 կիլոյի մեջ փող են աշխատում՝ մենակ խաբելով։ Կենդանի ենք բռնել․ թաղած, սատկած անասունին թաղած՝ հանել են, լվացել, բերել են խանութ, բռնել ենք։ Ու էդ մարդիկ են գալու են, հակաքարոզ են անելու համարակալման-հաշվառման համար»,-ասաց Գեորգի Ավետիսյանը։

Ըստ նրա, ողջ պետական ապարատը միահամուռ ուժերով պիտի այս հարցի կարգավորման համար աշխատի։ «Մենք բոլորս պիտի գիտակցենք, որ այդ անասնահամաճարակային միջոցառումները, որոնք պետությունը անում է, հենց այնպես չի անում, ոչ մեկի քմահաճույքով չի անում, դա միջազգային պայմանավորվածություն է, դա առևտուր է, դա տնտեսություն է, դա արտահանում է, դա մարդկանց սոցիալական խնդիրների լուծում է», -ասաց ՍԱՏՄ ղեկավարը։

Իհարկե, քննարկումը բավական բուռն դարձավ, երբ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը հորդորեց միայն համայնքապետերի ուղիղ պարտականությունը չհամարել պատվաստման հսկողությունը։ Նա մի ուշագրավ փաստ հրապարակեց՝ ասելով, որ Մայիսյան բնակավայր դրսից հազարավոր գլուխ անասուն են բերել, սակայն ո՞ր մի տեղական ինքնակառավարման ներկայացուցչին են թույլատրել այդ անասնագոմ մտնել, մի բան էլ վարակը տարածվել էր։

«10 հատ զանգ եմ ստացել տարբեր տեղերից, թե տեղեկանք տվեք անասուններին տեղափոխեն, ասել եմ՝ չեմ տալու տեղեկանք, արյան նմուշ կվերցնենք, առողջ անասուններին կտանեք, մնացածին տեղում կոչնչացնեք։ Այսօր փորձել համայնքների ղեկավարների վրա թողնել ամբողջ բեռը, նրանց մեղադրել ճիշտ չէ»,-ասաց Արծրուն Իգիթյանը։ Պատասխանատուները նրան խնդրեցին զերծ մնալ քաղաքական զրույցներից, քանի որ մասնագիտական քննարկում է, որին ի պատասխան՝ Արծրուն Իգիթյանը նշեց՝ մենք քաղաքական զրույցների ժամանակ էլ չունենք։

Ընթերցեցին Ախուրյան համայնքի պատվաստումների թերացումները, որը պատասխանատուների բնութագրմամբ, վատագույնն է ողջ հանրապետությունում։ Արծրուն Իգիթյանը խոստացավ վերահաշվարկել անասնագլխաքանակը, նրա և տեղի պատասխանատուների միջև թեթևակի լեզվակռիվ տեղի ունեցավ։

aravot.am

Please enter a valid URL