Արծվաշենը հետ բերելու երկու տարբերակ կա՝ պատերազմականն ու քաղաքականը: Երկու տարբերակն էլ կարող է իրականացնել բացառապես պետությունը: Շատերը (այդ թվում նաև ես) պնդում են, որ պետությունը տարբեր պատճառաբանություններով կամ առանց պատճառաբանության չի ցանկանում Արծվաշենի խնդրով զբաղվել: Իսկ արդյո՞ք այդ պետությունում բնակվող ժողովուրդն Արծվաշենը հետ բերելու ցանկություն ունի:
Անշուշտ, կգտնվեն անձինք, որոնք պատրաստ են ողջ կարողությունները (միգուցե նաև կյանքը) ներդնել Արծվաշենը հետ բերելու համար: Սակայն, պետության (մանավանդ՝ ՀՀ-ի) համար դա քիչ է:
Այստեղ այլ արժեքներ են հարգված: Այսօրինակ պետություններում պետք է ուժ ցուցադրել և կամք: Միայն այդ դեպքում, հնարավոր է աշխատեցնել պետական համակարգը և ինչ-որ արդյունքի հասնել: Պետական համակարգը պետք է ամենօրյա ռեժիմով բախվի Արծվաշենի խնդրին՝ մամուլում, սոցիալական ցանցերում, դատարաններում, վարչական մարմիններում, ԱԺ-ում, փողոցում և ամենուր: Դա է ուժի ցուցադրությունը: Սրան պետք է հասնենք:
Ի դեպ, մոտակա ամիսներին ստեղծվելու են Արծվաշենը հետ վերադարձնելու բարենպաստ պայմաններ (դելիմիտացիա, դեմարկացիա): Սակայն, դա չի նշանակում, որ օրվա իշխանությունն ինքնակամ կօգտվի այդ հնարավորությունով: Ուժի ցուցադրությունն ուժի մեջ է:
Իրավապաշտպան՝ Կարեն Հեքիմյան