Արարատի մարզում հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս խոշորացված համայնքի Նորամարգ վարչական շրջանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ, և լրացուցիչ ժամանել են ևս 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչից առաջացել է հրդեհ և տան կառուցատարրերի փլուզում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվել է բնակելի տան մի հատվածը և անասնագոմը։ Կայքի տեղեկություններով՝ տունը գազաֆիկացված չէ, այլ պայթել է 20 կգ-անոց գազաբալոնը։