Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը։ Այս մասին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում, հայտնում է իրանական ISNA լրատվամիջոցը։
«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, իսլմական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Թուրքիայի նախագահի հետ զրույցում Խամենեին նաև գոհունակություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձվելու» կապակցությամբ։
Կողմերը նաև խոսել են սիրիական հարցի շուրջ, անդրադարձել Թուրքիայի՝ Սիրիայում սպասվելիք ռազմական գործողությանը։ Խամենեին նշել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է:
«Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական հարձակում լինելու է հօգուտ ահաբեկիչների և ի վնաս Թուրքիայի, Սիրիայի և ամբողջ տարածաշրջանի: Սիրիայի հարցը պետք է բանակցությամբ լուծվի»,- ասել է նա: