Search
Close this search box.

Ռուսական բանակում ուշագրավ զարգացումներ են սկսել

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հայտնել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայում դուրս են գալիս օպերատիվ դադարից։ «Դադարը» սկսել է հուլիսի 3-ին։, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պուտինին զեկուցեց, թե ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Լիսիչանսկի վրա։ Պուտինը Լուգանսկի ուղղությամբ ռազմական գործողությունների մասնակիցներին հրամայեց հանգստանալ և «զարգացնել իրենց մարտական ​​կարողությունները»։

Հետաքրքիր է, որ այս ուղղությամբ գործել է Չեչնիայի ղեկավար Կադիրովը։ Լիսիչանսկի գրավումից հետո չեչենական ստորաբաժանումները հեռացել են Ուկրաինայից։ Կադիրովն իր առաջնահերթ խնդիրն է համարել «Չեչնիայի Հանրապետությունից փախած ահաբեկիչների մնացորդների ոչնչացումը»։ Քանի որ Կադիրովը այլ նպատակներ չի նշել, կարելի է ենթադրել, որ նա իր պարտքը Պուտինի հանդեպ կատարված է համարել ու հեռացել։

Փոխարենը նա հայտարարել է չեչենական 4 ստորաբաժանումների ստեղծման մասին, ինչպես նաեւ պահանջել հակաօդային համակարգեր տեղադրել Չեչնիայում։

Լուգանսկից Կադիրովի հեռանալուց հետո հայտարարվեց «դադարը», որի ընթացքում Մոսկվան փորձում էր պարզել, թե ումով փոխարինի այս ուղղությունը։ Կադիրովն առաջարկել էր ներգրավել ՀԱՊԿ-ին. «Եթե կա պետություն, եթե կա դաշնակից, նա պետք է կողմնորոշվի և անի իր քայլը։ Ո՞վ փրկեց Բելառուսը՝ Ռուսաստանը։ Ո՞վ փրկեց Ղազախստանը՝ Ռուսաստանը։ Ո՞վ կանգնեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը՝ Ռուսաստանը։ Իսկ երբ դա Ռուսաստանին է պետք, բոլորը լռում են՝ վախենում եք պատժամիջոցների”ց»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։

Բայց ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և Մոսկվան որոշեց, որ եկել է ժամանակը, որպեսզի Ռուսաստանի մյուս ժողովուրդները հատուցեն «ավագ եղբորը»։ Մասնակի կամ ամբողջական մոբիլիզացիա չհայտարարելու համար Կրեմլը հրամայեց ռուսական շրջաններին ստեղծել «կամավորական գումարտակներ»՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, մարզային պաշտոնյաները հավաքագրում են 18-60 տարեկան տղամարդկանց և 6-ամսյա պայմանագրով առաջարկում միջինը 3750-6000 դոլար աշխատավարձ:

ՌԴ հատկապես էթնիկ շրջաններում այս գաղափարը լավ չի ընդունվել, ավելին, հավաքագրման հայտարարությունները խնամքով մաքրվում են համացանցից։ Իսկ բուրյաթների շրջանում «խժդժություններ» են սկսել թե մարտի դաշտում, թե Բուրյաթիայում։

Ուստի որոշվեց նորից վերադառնալ Կովկասին և պատասխանատվությունը դնել ինգուշների ու դաղստանցիների վրա։

Շոյգուն այցելել է «Վոստոկ» խմբավորման հրամանատարական կետ, որի հրամանատար նշանակված գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը զեկուցել է «ընթացիկ իրավիճակի և պատասխանատվության գոտում հակառակորդի ուժերին ջախջախելու նպատակով մարտական ​​առաջադրանքների կատարման առաջընթացի մասին»: Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ Շոյգուի կողքին նստած է նրա տեղակալ Յունուս-Բեկ Եվկուրովը։

Մուրադովը ծնվել է Դաղստանի ադրբեջանաբնակ գյուղում, իսկ Եվկուրովը ժամանակին ղեկավարել է Ինգուշիան։Արցախում Պուտինի հանձնարարությունները փայլուն կատարած Մուրադովն այժմ աշխատելու է Ուկրաինայի արեւելքում։

Lragir.am

Please enter a valid URL