Search
Close this search box.

Տղամարդը մտել է սուպերմարկետ և սպառնացել նռնակով պայթեցնել, եթե չվերադարձնեն իր երեխային

Հուլիսի 16-ին, ժամը 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռնակով տղամարդ կա և սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։

Ահազանգին արագ արձագանքած Աշտարակի ոստիկանները պարզեցին, որ նա 37 տարեկան է, Բյուրականի բնակիչ։ Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։

Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է բաժնի պետի մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին։ Այստեղ բացատրական աշխատանքը շարունակվել է, որին միացել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։

Արդյունքում՝ նռնակը վնասազերծվել է՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով։ Այս կերպ չեզոքացվել է նաև վտանգը, որ սպառնում էր ներկաների կյանքին ու առողջությանը։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Please enter a valid URL