ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Վոստոկ» խմբավորման տեսչական ստուգման ընթացքում, որը խնդիրներ է կատարում Ուկրաինայում, նշել է, որ առաջնահերթությունը հեռահար զենքի ոչնչացումն է, որով ուկրաինական զորքերը հարվածներ են հասցնում խաղաղ բնակիչներին, ցորենի դաշտերին, հացահատիկի պահեստարաններին։ Տեղեկությունն այսօր հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:
«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, նշելով խմբավորման հարվածային հնարավորությունների ուժեղացումը, հրամանատարին հանձնարարել է բարձր ճշգրտության զենքով առաջնային խոցել հակառակորդի մեծ հեռահարության հրթիռային ու հրետանային միջոցները, որոնցից գնդակոծվում են Դոնբասի բնակավայրերի բնակելի թաղամասերը և իրականացվում են ցորենի դաշտերի, ինչպես նաև հացահատիկային պահեստարանների միտումնավոր հրկիզումներ», — ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Վոստոկ» խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախարարին զեկուցել է թշնամու ուժերը ջախջախելու մարտական առաջադրանքների կատարման ընթացիկ իրավիճակի և ընթացքի մասին։
Ավելի վաղ պաշտպանության նախարարը ստուգում էր անցկացրել ռուսական «Հարավ» ու «Կենտրոն» խմբավորումներում, որոնք գլխավորում են բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը և գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը 2018 թվականից Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է, իսկ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը ղեկավարել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։