Հայաստանում Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերը 2022 թ․ հուլիսի 6-8-ն այցելել էր Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր՝ ուսումնասիրելու ՄԹ կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի արդյունքները, հանդիպելու տեղական իշխանությունների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանամերձ մարզերին ՄԹ-ի կողմից տրամադրվող աջակցությունը և այն խնդիրներն և մարտահրավերները, որոնց լուծմանը Միացյալ Թագավորությունը կարող է օժանդակել։
Թե ինչո՞վ կարող է աջակցել Միացյալ Թագավորությունը սյունեցիներին և ինչի՞ դիմաց՝ բարդ չէ վերլուծել, գոնե թե Մեծ Բրիտանիայի դարավոր պատմությանը դույզն ինչ ծանոթ լինելու պարագային։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ դեսպան Գալագերը այցելել է Գորիս, Կապան, Մեղրի, Վայք և Եղեգնաձոր քաղաքներ ու հարակից գյուղական համայնքներ, հանդիպել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ինչպես նաև բրիտանական կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շահառուների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպանը քննարկել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի սահմանամերձ շրջանների տնտեսական դիմակայունությանն ու վերականգնմանը։
Լոնդոնը երբեք գումար չի ծախսում այնտեղ, որտեղ չունի հետաքրքրություն, իսկ Միացյալ Թագավորությունն այդ հետաքրքրություններն ունի աշխարհի ամեն անկյունում։ Սյունիքի պարագայում ևս ամեն ինչ պարզ է։ Մեր «հյուսիսային գեղեցկուհին» այժմ նավթագազային տերությունների ուշադրության կենտրոնում է, քանի որ տարածաշրջանային ապաշրջափակման թեմաներից հետո պարզ է դառնում, որ ՀՀ-ն կարող է դառնալ նավթագազամուղների համար առավել էժան ու ավելի կարճ տրանզիտ պետություն։ Իսկ Մեծ Բրիտանիան, իր Բրիթիշ Պետրոլիումով համաշխարհային առաջատար է էներգակիրների շուկայում։ Հենց BP-ն է, որ ադրբեջանական նավթագազային ծրագրերի մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում ներդրել է ուղիղ ու անուղղակի շուրջ 90 միլիարդ դոլար, հետևապես, Լոնդոնն իրեն համարում է ադրբեջանական նավթի ամենաառաջնային տերերից մեկն արտերկրում։ Հիմա եկել է պահը, երբ հնարավոր է նոր գազատարներ ու նավթամուղներ գցել՝ զուգահեռաբար ցանցին կցելով իրանական ռեսուրսները, քանի որ Զանգեզուրի միջանցք կոչվածը անցնելու է հենց Սյունիքի հարավային հատվածով՝ Իրանի սահմանին զուգահեռ։
Սրանք, իհարկե, բացառապես եզրակացություններ են, երբ պատկերին նայում ենք վերևից՝ տեսնելու ամբողջ դասավորվածությունն ու սթափ ենք գնահատում։ Վերջապես, այս պահին Սյունիքում առնվազն եվրոպական, ամերիկյան, ռուսական, իրանական, թուրք-ադրբեջանական շահերն են խաչվում։ ՄԲ դեսպանից զատ Սյունիք են մեկնում ԱՄՆ դեսպանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարը, ԵՄ-ը գրասենյակի ղեկավարը։ Նրանք բոլորը մեկնում են հայկական այն մարզը, որտեղ համատարած կախված են ռուսական դրոշներ ու երթևեկում են ՌԴ ՊՆ համարանիշներով մեքենաներ, շրջում են ռուս զինվորականներ և այլն։ Տպավորություն է, որ Ուկրաինայից հետո ամենահետաքրքիր տեղը աշխարհի համար Սյունիքն է։ եթե սրան գումարենք նաև, որ ԱՄՆ-ն Հայաստանում ցանկանում է նշանակել նոր դեսպան, որը եղել է Ուկրաինայում դեսպանի պարտականությունները կատարող, ասել է թե ունի հստակ փորձ աշխատելու կոնֆլիկտային ռեգիոններում․․․ վստահաբար կարելի է փաստել, որ ամեն բան այնքան պարզ չէ, որքան երևում է։
Ինչևէ, Հայկական Սյունիքում ռուսական դրոշների տակով երթևեկող ու քայլող Մեծ Բրիտանիայի դեսպան Գալագերն իր այցի վերաբերյալ գոհունականությունն է հայտնել թվիթերի իր միկրոբլոգում՝ գրելով, որ Միացյալ Թաավորության կողմից հովանավորվող Սյունյաց ծրագրերը հաջող են ընթանում
1in.am